Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի՝ քաղաքական հարցերով տեղակալ, գեներալ Յադոլլահ Ջավանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը փակուղում է հայտնվել Իրանի դեմ պատերազմը շարունակելու վերաբերյալ որոշումներ ընդունելիս, հայտնում է Tasnim-ը։

Նրա գնահատմամբ՝ հակամարտության շարունակումը Վաշինգտոնի համար նոր խնդիրներ կառաջացնի, իսկ մարտական գործողությունների դադարեցումը կպահանջի ընդունել Թեհրանի պայմաններն ու ճանաչել պարտությունը։

Ինչպես չորեքշաբթի նշել է Ջավանին, մարտի դաշտում Իրանի զինված ուժերի գերազանցությունը, բնակչության աջակցությունն ու քաղաքացիների զանգվածային ելույթները, որոնց նա անվանել է երկրի գլխավոր պաշտպաններ, ստիպել են Իրանի հակառակորդներին հրաժարվել իրենց պահանջներից։

Գեներալ գնահատմամբ՝ ընդհանուր իրավիճակը վկայում է, որ մարտական գործողություններն ընթանում են հօգուտ Իսլամական Հանրապետության, իսկ նրա հակառակորդներն ի վիճակի չեն փոխելու ուժերի ձևավորված հավասարակշռությունը։

Ամերիկյան ռազմանավերը մարտական գործողությունների գոտուց մի քանի հարյուր կիլոմետր հեռացնելը վկայում է Վաշինգտոնի հաշվարկների ձախողման և նրա ռազմածովային ուժերի սահմանափակ հնարավորությունների մասին, հայտարարել է Ջավանին։

Նա նշել է նաև, որ Իրանի հրթիռային ներուժը, անօդաչու թռչող սարքերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները խափանել են հակառակորդի հաշվարկները։ Գեներալը նշել է, որ իրանցի երիտասարդ մասնագետները զգալի հաջողությունների են հասել հրթիռների հեռահարության մեծացման, հեռահար անօդաչու թռչող սարքերի մշակման և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կատարելագործման գործում։

Ջավանին պնդում է, որ այս մշակումներն Իրանին հնարավորություն են տվել խոցել հակառակորդի ժամանակակից անօդաչու թռչող սարքերը կամ ստիպել դրանց անվնաս վայրէջք կատարել, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի և Քեշմ կղզու շրջանում։

Մինչև պատերազմի սկիզբը ԱՄՆ-ը հույս ուներ Իրանին հաղթել երկու-երեք օրում, սակայն մարտի դաշտում իրադարձությունների զարգացումը ցույց տվեց այդ գնահատականների սխալ լինելը, հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։

«Այսօր Թրամփը որոշումներ ընդունելիս հայտնվել է փակուղում»,- ասել է Ջավանին։ Նրա խորին համոզմամբ՝ պատերազմի շարունակումն ԱՄՆ-ի համար լրացուցիչ դժվարություններ կստեղծի, մինչդեռ հակամարտությունից դուրս գալը կնշանակի համաձայնել Իրանի պայմաններին և ճանաչել պարտությունը։

Գեներալն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլ ընտրություն չունի, քան ընդունել մարտի դաշտում տիրող իրական իրավիճակը։ Ի հաստատումն իր դիրքորոշման՝ նա նաև հղում է արել ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի նախկին նախագահի հայտարարություններին, որը նշել էր, որ Իրանը չի պարտվի և չի կապիտուլացվի, եթե պատերազմը շարունակվի։