ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերի և արտաքին գործերի հանձնաժողովների դեմոկրատները նամակ են ուղարկել առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի որդուն՝ Բրենդոն Լաթնիկին՝ պահանջելով բացահայտել տեխնոլոգիական հսկա Nvidia-ի բաժնետոմսերում ընտանեկան ընկերության ներդրումների մասին տեղեկությունները, հայտնում է NBC News-ը։
Հարցումն ուղարկվել է այն հաղորդումներից հետո, ըստ որոնց՝ նախարարը կարող էր խոչընդոտել Չինաստան Nvidia-ի հզոր չիպերի արտահանման սահմանափակումների խստացմանը։
Հանձնաժողովները մտադիր են պարզել՝ արդյոք Լաթնիկի գործողությունները կարո՞ղ էին կապված լինել ընտանեկան Cantor Fitzgerald ընկերության ներդրումների հետ, որը կառավարում է իր հաճախորդներին պատկանող՝ ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ Nvidia-ի բաժնետոմսեր։ Առևտրի նախարար նշանակվելուց հետո Լաթնիկը վաճառել է Cantor Fitzgerald-ում իր անձնական մասնաբաժինը, սակայն ընկերությունը շարունակում է գտնվել նրա ընտանիքի վերահսկողության ներքո։
«Ամերիկացի ժողովուրդն արժանի է իմանալու՝ արդյո՞ք առևտրի նախարարը լուրջ և, հնարավոր է, անդառնալի վտանգի տակ է դրել ԱՄՆ ազգային անվտանգության շահերը՝ հանուն իր չափահաս երեխաների և Cantor Fitzgerald-ի հարստացման»,- ասվում է նամակում։
Cantor Fitzgerald-ի ներկայացուցիչը մերժել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ նամակում շարադրված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ նրա՝ ընկերությունը սեփական ներդրումային նպատակներով Nvidia-ի բաժնետոմսերի զգալի ծավալ չի պահում։
«Nvidia-ի բաժնետոմսերում Cantor-ի դիրքերը հիմնականում կապված են հաճախորդների համար իրականացվող բաժնետոմսերի սվոփ գործարքների հետ։ Մենք ձեռք ենք բերում հիմքում ընկած բաժնետոմսերը՝ այդ գործարքների ռիսկերը հեջավորելու համար»,- պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ 2025 թվականի սկզբից ընկերության հաշվեկշռում Nvidia-ի բաժնետոմսերի ծավալի նվազումը կապված է հեջավորման դիրքերի աստիճանական փակման հետ՝ հաճախորդների կողմից սվոփ գործարքների դադարեցմանը կամ կրճատմանը զուգահեռ, այլ ոչ թե Cantor Fitzgerald-ի՝ սեփական ներդրումներից հրաժարվելու որոշման։
Ընկերության ներկայացուցիչը նաև անհիմն է անվանել այն պնդումները, թե ընկերության գործունեությունն ազդել է ԱՄՆ կառավարության որոշումների վրա։
«Բացի դրանից, Cantor-ը արտահանման վերահսկողության կամ ընկերություններին սահմանափակումների ենթակա կազմակերպությունների ցանկում ներառելու վերաբերյալ ԱՄՆ որոշումների ընդունմանը չի մասնակցում»,- հայտարարել է նա։ Ըստ նրա՝ հանգամանքների ստուգումը կհաստատի, որ ընկերությունը գործել է էթիկայի սկզբունքներին համապատասխան և պահպանել է բոլոր կիրառելի նորմերն ու կանոնները։
ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ Հովարդ Լաթնիկը լիովին պահպանել է էթիկայի հարցերով համաձայնագրի պայմանները, դրանց թվում՝ ակտիվների օտարման և շահերի բախման դեպքում որոշումների կայացումից ինքնաբացարկ հայտնելու պահանջները, և կշարունակի պահպանել դրանք։
«Նա վաճառել է Cantor Fitzgerald-ում, Newmark-ում և BGC-ում իր բոլոր ֆինանսական մասնաբաժինները»,- ընդգծել է գերատեսչության ներկայացուցիչը։
Հունվարին դեմոկրատները վերահսկողություն կստանան Ներկայացուցիչների պալատի երկու հանձնաժողովների նկատմամբ։ Դա նրանց լայն լիազորություններ կտա վարչակազմի գործունեությունը վերահսկելու համար, ներառյալ՝ ծանուցագրեր ուղարկելու և առևտրի նախարարի, ընտանեկան ներդրումային ընկերության ու Nvidia-ի միջև ենթադրյալ կապերը հետաքննելու իրավունք։





























