Անկարայի դատարանը Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է երկու տարի մեկ ամիս ազատազրկման՝ 2023 թվականի նոյեմբերին Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) համագումարում ենթադրյալ խախտումների գործով։ Դատարանը նաև որոշել է սահմանափակել նրա քաղաքական իրավունքները, հայտնում է TRT Haber-ը։
Գործով ընդհանուր առմամբ դատապարտվել է ինը մարդ, նրանց թվում՝ Իմամօղլուն։ Եվս երեք մեղադրյալ արդարացվել է։
Քննությունը պնդել է, որ CHP-ի համագումարի ընթացքում պատվիրակներին կարող էին դրդել քվեարկել կուսակցության նախագահ ընտրված Օզգյուր Օզելի օգտին։ Ըստ մեղադրանքի՝ որոշ պատվիրակների առաջարկել են գումար, աշխատանք և պաշտոններում առաջադրում, բաժանել են սննդամթերքի գնման քարտեր և խնդրել լուսանկարել լրացված քվեաթերթիկները։ Մեղադրյալները հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները։
Մինչև կալանավորումը Իմամօղլուն համարվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հավանական մրցակիցներից մեկը։ Նա կալանքի տակ է մեկ այլ՝ Ստամբուլի քաղաքապետարանում ենթադրյալ կոռուպցիային առնչվող գործով և հերքում է մեղադրանքները։
Ավելի վաղ Թուրքիայի դատարաններն արդեն Իմամօղլուի քաղաքական գործունեության սահմանափակումներ նախատեսող որոշումներ էին ընդունել։ Նոր որոշումը ևս կարող է նման հետևանքներ ունենալ, եթե մեղադրական դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ։





























