Իրանի կողմից ամերիկացիների նկատմամբ սպառնալիքները զգալիորեն աճել են ինչպես ԱՄՆ-ից դուրս, այնպես էլ երկրի ներսում։ Դրա մասին չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք շարունակում ենք վճռական լինել՝ բացահայտելու, զսպելու և խափանելու Իրանի մահաբեր դավադրությունները Միացյալ Նահանգներից դուրս և երկրի ներսում»,- ասել է Քլեյթոնը։

«Այս սպառնալիքները զգալիորեն աճել են։ Արտերկրում և այստեղ՝ Միացյալ Նահանգներում, մեր աշխատակիցներն ավելի մեծ վտանգի են ենթարկվում»,- հավելել է նա։

Ծառայողական գրության մեջ, որին Reuters գործակալությունը ծանոթացել էր անցյալ ամիս, Քլեյթոնը հայտնել էր, որ Իրանն ակտիվացրել է ամերիկացի զինծառայողների և ԱՄՆ այլ աշխատակիցների վրա հարձակվելու փորձերը։ Ըստ նրա՝ ամերիկացի քաղաքացիների դեմ Թեհրանի մահաբեր գործողությունների նախապատրաստումը հասել է «առաջադեմ փուլի»։

Այս շաբաթ CNN-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության գնահատականներին, հայտնել է, որ Իրանը, հնարավոր է, Վաշինգտոնում հարձակում է ծրագրում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ՝ սարքի, որն առանց միջուկային պայթյունի ռադիոակտիվ նյութեր է տարածում։

Չորեքշաբթի լսումների ժամանակ պատասխանելով այս հաղորդման մասին հարցին՝ Քլեյթոնը հրաժարվել է քննարկել կոնկրետ հանգամանքները, սակայն ընդգծել է, որ նման սպառնալիքները նոր չեն։

«Կան մի շարք սպառնալիքներ, որոնք մենք դասում ենք քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման սպառնալիքների շարքին, կամ ինչպես էլ դրանք անվանեն։ Դրանք վաղուց գոյություն ունեն»,- հայտարարել է ամերիկյան հետախուզության ղեկավարը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի, նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ասիայում շրջագայության ընթացքում պատասխանելով CNN-ի հաղորդման մասին հարցին, հայտարարել է, որ մայրաքաղաքի համար սպառնալիքն անմիջական չի համարում։

Ինքը՝ Թրամփը, երեքշաբթի հայտնել է, որ ամերիկյան իշխանությունները լրջորեն են վերաբերվում ԱՄՆ-ի վրա Իրանի կողմից հարձակման նախապատրաստման հնարավորությանը։