ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մեկնել է Վենեսուելա՝ երկրի ժամանակավոր իշխանությունների հետ հանդիպելու համար, հայտնում է Associated Press-ը:
Այցն ընդգծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձգտումը՝ ուժեղացնելու Վաշինգտոնի ազդեցությունը հարավամերիկյան երկրում, երբ հունվարին ամերիկյան զինվորականները տապալեցին Նիկոլաս Մադուրոյին:
Հեգսեթը դարձել է Թրամփի կաբինետի հերթական ներկայացուցիչը, որն այցելել է Վենեսուելա այս տարի: Ավելի վաղ այնտեղ էին այցելել ԱՄՆ ներքին գործերի և էներգետիկայի նախարարները, որոնք հիմնական ուշադրությունը դարձրել էին նավթային պաշարների և կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերի հանքավայրերի յուրացման հնարավորություններին: Օգոստոսին Թրամփը հայտարարել էր, որ Հեգսեթն օգնել է կնքել լայնածավալ գործարք, որը նախատեսում է ԱՄՆ-ի կողմից վենեսուելական նավթային ռեսուրսների մի մասի նկատմամբ վերահսկողության հաստատում:
Վենեսուելայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է Հեգսեթի և երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հանդիպման կադրերը Կարակասի նախագահական պալատում: Պենտագոնը նախօրոք հրապարակայնորեն չէր հայտարարել այցի մասին:
Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից մի քանի ամիս անց, երբ ամերիկյան զինվորականները հանկարծակի գիշերային գործողություն էին անցկացրել Վենեսուելայի մայրաքաղաքում, առևանգել Մադուրոյին և տեղափոխել Նյու Յորք, որտեղ նրան մեղադրանքներ են առաջադրվել թմրաբիզնեսի մեջ: Մադուրոն հերքում է մեղադրանքները ամերիկյան դատարանում:
Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցության համաձայնագրերը թույլ կտան ԱՄՆ-ին կազմակերպել վենեսուելական զինված ուժերի ուսուցումը:
«Մեր Բոլիվարյան ազգային զինված ուժերի պատրաստությունը կրկին ամրապնդելու, դրանց օպերատիվ սպառազինությունը բարելավելու և նոր տեխնոլոգիաներին հասանելիություն ապահովելու հնարավորությունը շատ օգտակար է մեր զինծառայողների համար»,- հեռուստաեթերում ասել է նա: Ըստ նրա՝ ուսուցումը թույլ կտա երկու երկրներին «դիմակայել ընդհանուր սպառնալիքներին»:





























