Գերմանիան ձգտում է ստեղծել մեխանիզմ, որը Եվրամիությանը հնարավորություն կտա Ուկրաինային լրացուցիչ միջոցներ հատկացնել, նույնիսկ եթե Կիևին օգնություն տրամադրելու հարցում հանրային աջակցությունը թուլանա, կամ հաջորդ տարի Ֆրանսիայի նախագահ դառնա Մարին Լը Պենը, որը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում կրճատել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը, գրում է Politico-ն։

Ըստ բանակցությունների ընթացքին ծանոթ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Բեռլինն առաջարկում է ԵՄ-ին ֆինանսական հնարավորություններ ընձեռել՝ Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու այն 100 մլրդ եվրոյից բացի, որը Եվրահանձնաժողովն արդեն նախատեսել է միության հաջորդ յոթնամյա բյուջեի նախագծում։

Առաջարկվող մեխանիզմը, որը հայտնի է որպես «ֆինանսական պահուստ» (headroom), ԵՄ-ին հնարավորություն կտա ապագայում լրացուցիչ միջոցներ ներգրավել՝ առանց անմիջապես խոշոր և քաղաքականապես ոչ ժողովրդական ծախսերի պարտավորություններ ստանձնելու։ «Ուկրաինային աջակցությունն այժմ ավելի շատ վեճեր է հարուցում, քան երբևէ»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։ Նրա գնահատմամբ՝ իրավիճակն «էլ ավելի բարդ» կդառնա, եթե Լը Պենը հաղթի ապրիլին Ֆրանսիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում։

ԵՄ երկարաժամկետ բյուջեի և դրան առնչվող մեխանիզմի հաստատման համար կպահանջվի բոլոր անդամ պետությունների միաձայն աջակցությունը։ Սակայն հետագայում, ըստ Գերմանիայի առաջարկի, փոխառություններ ներգրավելու մասին որոշումները հնարավոր կլինի ընդունել ձայների որակյալ մեծամասնությամբ։ Դա կդժվարացնի առանձին կառավարությունների՝ Ուկրաինային ֆինանսական օգնությունն արգելափակելու փորձերը։

«Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում միաձայնության պահանջն իմաստ չունի»,- հայտարարել է նախաձեռնության քննարկմանը ծանոթ եվրոպացի դիվանագետը։

Բեռլինին մտահոգում են ոչ միայն Ֆրանսիայում Լը Պենի՝ իշխանության գալու հնարավորությունը և Կիևին օգնություն տրամադրելու ավանդական հակառակորդների, դրանց թվում՝ Հունգարիայի ու Չեխիայի դիրքորոշումը, այլև բուն Գերմանիայի ներքաղաքական իրավիճակը։ Ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը պատմական հաջողություններ է գրանցել արևելյան դաշնային երկրամասերի ընտրություններում և, ըստ հարցումների, զգալիորեն առաջ է անցնում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահպանողական դաշինքից։ Նրա ժողովրդականության աճի գործոններից մեկն Ուկրաինային աջակցելու համար կառավարության կատարած ծախսերի քննադատությունն է։

Սրանով է մասամբ բացատրվում Մերցի ձգտումը՝ Կիևին օգնությունը ներառել ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեում և հասնել ֆինանսական բեռի ավելի հավասարաչափ բաշխմանը միության երկրների միջև։ Ուկրաինային օգնությունը կապելով բյուջետային բանակցությունների հետ՝ Բեռլինը նաև հասկացնում է, որ կարող է կրճատել իր ներդրումները տարածաշրջանային զարգացման հիմնադրամներում, որոնցից կախված են արևելաեվրոպական պետությունները, եթե նրանք փորձեն արգելափակել առաջարկվող մեխանիզմը կամ հրաժարվեն մասնակցել Ուկրաինային աջակցելուն։