Ազգային անվտանգության և արհեստական ​​բանականության ոլորտի քաղաքականության 15 փորձագետներից բաղկացած խումբը ԱՄՆ Արդարադատության նախարարությանը կոչ է արել հետաքննել, թե ինչ է իմանացել Nvidia ընկերությունն իր առաջատար ԱԲ-չիպերի՝ Չինաստան ենթադրյալ մաքսանենգության մասին և արդյոք այն շարունակել է համագործակցել հաճախորդների հետ տեխնոլոգիաների ապօրինի տեղափոխման ապացույցների հայտնվելուց հետո, հայտնում է NBC News-ը:

ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշին ուղղված նամակում փորձագետները խնդրում են պարզել՝ արդյոք Nvidia-ն շարունակե՞լ է չիպեր վաճառել հաճախորդներին կամ միջնորդներին՝ չնայած այն վկայություններին, ըստ որոնց նրանք ապօրինի կերպով արտադրանք են տեղափոխում Չինաստան: Հեղինակներն առաջարկում են նաև ստուգել, թե արդյո՞ք ընկերությունը «գիտակցաբար աչք է փակել արտահանման վերահսկողության խախտումների վրա»:

«ԱՄՆ-ը տնօրինում է աշխարհում ամենաառաջատար չիպային տեխնոլոգիաներին՝ գերբանականության համար, որոնց զգալի մասը մշակել է Nvidia-ն»,- ասվում է նամակում: «Գերբանականության» (super intelligence, SI) եզրույթն օգտագործում է Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ արհեստական ​​բանականության առնչությամբ: Դիմումի հեղինակների կարծիքով՝ մաքսանենգային սխեմաները սպառնում են ԱՄՆ տեխնոլոգիական առաջնորդությանը՝ Չինաստանին տրամադրելով սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ԱԲ առաջատար համակարգերի ստեղծման, դրանց ռազմական ոլորտում կիրառման և Պեկինի միջազգային ազդեցության ընդլայնման համար:

Նամակը ստորագրողների թվում են՝ ԿՀՎ-ի նախկին գլխավոր տեսուչ Դևիդ Բաքլին, ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Ռենդի Մանները, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նախկին պաշտոնյա, կիսահաղորդիչների հարցերով մասնագետ Քրիս Մակգուայերը և Բրեդ Քարսոնը՝ Americans for Responsible Innovation կազմակերպության նախագահ, որը հանդես է գալիս ԱԲ-ի պատասխանատու զարգացման օգտին և կազմակերպել է դիմումի նախապատրաստումը:

Երեքշաբթի օրը ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարեց ազգային անվտանգության և արտահանման սահմանափակումների պահպանման հարցերով զբաղվող հատուկ կոմիտեի ստեղծման մասին:

ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունն ըստ ընդհանուր կանոնի չի մեկնաբանում ընթացիկ հետաքննությունների մանրամասները կամ դրանց բուն գոյությունը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ նախարարության ցանկացած հետաքննություն հիմնված է ապացույցների և փաստերի վրա:

Դիմումն ի հայտ է եկել չիպերի ամերիկյան արտադրողի գործունեության նկատմամբ ուժգնացող ուշադրության պայմաններում: Կոնգրեսականները նաև կոչ են անում պարզել, թե որքանով է Nvidia-ն տեղյակ եղել իր արտադրանքի վերջնական ստացողների մասին և արդյոք միջոցներ ձեռնարկել մաքսանենգության կասկածների ի հայտ գալուց հետո:

Երեքշաբթի ԱՄՆ Արդարադատության և առևտրի նախարարությունները բացահայտել են սինգապուրյան Megaspeed ընկերության նկատմամբ իրականացվող հետաքննության մանրամասները, որը կապված է չինական հետախուզության ենթադրյալ գործակալ Ալիսա Հուանի հետ: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Nvidia-ի նախկին գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ: Հաղորդվում է, որ Megaspeed-ը միլիարդավոր դոլարների Nvidia չիպեր է ձեռք բերել: Ընկերությունը և նրա դուստր կառույցները ստուգվում են նաև սարքավորումների Չինաստան հնարավոր մաքսանենգության առնչությամբ:

Ըստ ամերիկյան գերատեսչությունների համատեղ հայտարարության՝ Առևտրի նախարարությունը սկսել է Megaspeed-ի հետաքննությունը 2024 թվականին, իսկ 2025 թվականի մայիսին Nvidia-ից պահանջել է վաճառքների վերաբերյալ փաստաթղթեր: Հաջորդ ամիս Nvidia-ն Megaspeed-ը ներառել է այն ընկերությունների ցանկում, որոնց արգելված է արտադրանք վաճառել: 2025 թվականի հունիսին Առևտրի նախարարության աշխատակիցները Սինգապուրի իրավապահ մարմինների հետ համատեղ տեղում ստուգում են անցկացրել ընկերության օբյեկտներում:

Ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրի՝ Nvidia ընկերությունն այժմ ազգային անվտանգության հետ կապված գործող որևէ հետաքննության առարկա չէ: Օրենսդրության պահպանմանն ուղղված միջոցառումներից հետո Արդարադատության նախարարությունը ստանձնել է քրեական հետաքննության ղեկավարումը: Երկու գերատեսչություններն էլ հայտարարել են, որ կշարունակեն համատեղ աշխատանքը հնարավոր հանցագործությունները բացահայտելու համար:

Նամակում հիշատակվում են նաև Nvidia-ի չիպերի ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ մի քանի գործեր, որոնք հարուցել է Արդարադատության նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում: 2026 թվականի մարտին մեղադրանքներ են առաջադրվել երեք անձանց, որոնք կասկածվում են սխեմային մասնակցելու մեջ. դրա շրջանակում Հարավարևելյան Ասիայից միջնորդը մոտ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ առաջատար ԱԲ-չիպերով սերվերներ էր ձեռք բերել: Ըստ մեղադրանքի՝ առնվազն 510 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումն ապօրինի կերպով տեղափոխվել է Չինաստան:

«Nvidia-ի չիպերը Չինաստան տեղափոխելու կրկնվող փորձերը վկայում են օրինաչափության մասին, որը պահանջում է ավելի մանրակրկիտ ստուգման ենթարկել ընկերության գործելոկերպը և դրա արձագանքը վերջին տարիներին բազմիցս բացահայտված մաքսանենգային գործողությունների անհանգստացնող մասշտաբներին»,- ասվում է դիմումում:

Ըստ գնահատականների՝ մաքսանենգային մատակարարումներին բաժին է ընկնում օրինական ուղիներով չինական ԱԲ-ընկերությունների ստացած չիպերի առնվազն 25%-ը: Ընդ որում, իրական մասնաբաժինը կարող է զգալիորեն բարձր լինել: Բացի դրանից, ինչպես հաղորդվում է, չինական տեխնոլոգիական հսկաները, ներառյալ Alibaba-ն և Tencent-ը, հաշվողական հզորություններ են վարձակալում Սինգապուրի, Մալայզիայի և Հարավարևելյան Ասիայի այլ երկրների տվյալների մշակման կենտրոններում:

Այս շաբաթ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և Արդյունաբերության ու անվտանգության բյուրոն հայտարարել են այս բացը փակելու մտադրության մասին: Նոր կանոնները պետք է սահմանափակեն արտասահմանյան տվյալների կենտրոնների հնարավորությունը՝ չիպեր վարձակալությամբ տրամադրելու չինական ընկերություններին: Նախատեսվում է նաև լրացուցիչ պահանջներ մտցնել Հարավարևելյան Ասիայի հինգ երկրների, դրանց թվում՝ Սինգապուրի և Մալայզիայի սարքավորումներ գնողների համար՝ ամերիկյան Nvidia և AMD արտադրողների չիպերը ստանալու նպատակով:

Չինաստանը քննադատել է այդ նախաձեռնությունը: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը հայտարարել է, որ նման միջոցառումները հակասում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, ոտնահարում են չինական ձեռնարկությունների օրինական իրավունքները և խաթարում գլոբալ արտադրական ու լոգիստիկ շղթաների կայունությունը:

Nvidia-ի ամենաառաջատար ԱԲ-չիպերը համարվում են շուկայում առավել հզորներից մեկը: Գործող արտահանման սահմանափակումներն արգելում են ընկերությանը Չինաստան վաճառել իր թոփ մոդելները, թեպետ H200 ընտանիքի ավելի հին չիպերի մատակարարումները թույլատրված են՝ Սպիտակ տանը դրանց արժեքի 25%-ի փոխանցման պայմանով:

Նոյեմբերի սկզբին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ստեղծել է հատուկ կառույց՝ արհեստական ​​բանականությանն առնչվող հանցագործությունների դեմ պայքարելու համար, որը կոչվում է Գերբանականության նպատակային խումբ: Վարչության տվյալներով՝ դրա խնդիրն է թույլ չտալ այս ոլորտում ԱՄՆ առաջնորդության խաթարումը այլ պետությունների, նրանց աջակցող կառույցների, անդրազգային հանցավոր կազմակերպությունների և անօրինական գործունեության այլ մասնակիցների չարաշահումների պատճառով:

Ամերիկյան մի շարք օրենսդիրներ ձգտում են խստացնել Չինաստանի համար նախատեսված առաջատար ԱԲ-չիպերի արտահանման սահմանափակումները: Չինաստանի հարցերով Ներկայացուցիչների պալատի հատուկ կոմիտեի անդամները հանդես են գալիս կիսահաղորդիչների արտադրության սարքավորումների գնման հարցում Պեկինի նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև չիպերի հետևման ավելի արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման օգտին, որոնք հնարավորություն կտան երաշխավորել, որ մայրցամաքային Չինաստանից դուրս գտնվող տվյալների կենտրոններ մատակարարված սարքավորումը չի վերատեղափոխվի երկիր:

Ամփոփելով՝ նամակի հեղինակներն Արդարադատության նախարարությանը կոչ են արել «հետևել ապացույցներին՝ անկախ նրանից, թե դրանք ուր կտանեն, և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն դեպքերում, երբ խախտումները կհաստատվեն»: