ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ղեկավար Բրայան Բեդֆորդը դարձել է Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որը ստանձնել է անցած ուրբաթ ամբողջ երկրում ավիահաղորդակցության լայնածավալ դադարեցման պատասխանատվությունը, հայտնում է NBC News-ը։

«Ես ներողություն եմ խնդրում։ Ես եմ պատասխանատու վերջնական արդյունքի համար և ստանձնում եմ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը»,- չորեքշաբթի հայտարարել է Բեդֆորդը The Hill պարբերականի և Airlines for America ոլորտային ասոցիացիայի կազմակերպած Red, Flight and Blue համաժողովում։

Ըստ FAA-ի ղեկավարի՝ խափանումը տեղի է ունեցել Արկանզաս նահանգում՝ նոր սարքավորումների տեղադրման ժամանակ երթուղիչի անսպասելի խափանման պատճառով։ Աշխատանքները համարվում էին ցածր ռիսկային. մինչ այդ նմանատիպ տեղադրումներ կատարվել էին 68 անգամ՝ առանց որևէ խնդրի։

Բեդֆորդը պարզաբանել է, որ արդիականացումն անհրաժեշտ էր, քանի որ գործող համակարգը հնացել է և անկայուն է աշխատում։ Միաժամանակ նա պաշտպանել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիին, որին կատարվածից հետո քննադատում էին։

«Ես կցանկանայի, որ մարդիկ դադարեին հարձակվել նախարարի վրա։ Նա դեռ շատ անելիք ունի, բայց ինձ աշխատանքի են ընդունել հենց այդ խնդիրը լուծելու համար։ Ուստի, եթե պետք է ինչ-որ մեկին մեղադրել, ինձ մեղադրեք։ Ինձ մեղադրեք»,- ասել է Բեդֆորդը։

Ինքը՝ Դաֆին, ավելի վաղ մերժել էր իր հասցեին հնչող մեղադրանքները։ Երեքշաբթի նա լրագրողներին ասել էր. «Ես չեմ նախագծել այս ցանցը»։ Անցած հանգստյան օրերին NBC News հեռուստաալիքի Meet the Press հաղորդմանը տված հարցազրույցում նախարարը նաև հրաժարվել էր հանրությունից ներողություն խնդրել նախորդներից ներկայիս վարչակազմին ժառանգություն հասած ենթակառուցվածքների վիճակի համար։ Fox News-ի հետ զրույցում նա առանձին քննադատել էր նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարար Փիթ Բութիջիչը, որը Բայդենի օրոք զբաղեցնում էր այդ պաշտոնը, չորեքշաբթի MS NOW-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ համակարգն իսկապես հնացել է և թարմացման կարիք ունի։ Սակայն, ըստ նրա, խափանումն ինքն իրեն չի առաջացել։

«Այն պատահականորեն չի խափանվել։ Նրանք են այն փչացրել։ Հենց արդիականացման աշխատանքներն են հանգեցրել անջատմանը։ Ուստի մեզ իսկապես անհրաժեշտ են պատասխաններ այն հարցին, թե ինչ են նրանք անում, որպեսզի իրենց աշխատանքները երկրորդ անգամ նման խափանման պատճառ չդառնան»,- հայտարարել է Բութիջիչը։