Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Իրաքի իշխանությունները մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ երկրում արգելափակել են մեսենջերը։ Նա ափսոսանք է հայտնել այդ որոշման կապակցությամբ և ընդգծել, որ Telegram-ը չի սահմանափակելու քաղաքական հայացքների ազատ արտահայտումը։
«Մենք ցավում ենք Իրաքի ժողովրդի համար։ Բայց չենք գրաքննելու քաղաքական ազատ արտահայտությունները՝ անկախ նրանից, թե ինչպես են մեզ դա խնդրում»,- գրել է Դուրովը։
Նոյեմբերի 26-ին Telegram-ի արգելափակման մասին հայտնել է իրաքյան INA լրատվական գործակալությունը։ Իրաքի լրատվամիջոցների և կապի հանձնաժողովը որոշումը բացատրել է ազգային անվտանգությունն ապահովելու և անօրինական բովանդակության դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։ Իշխանություններն այս կերպ ակնկալում էին ընկերությանը մղել վերանայելու մեսենջերում իրաքյան լսարանի համար հրապարակվող նյութերը։
Telegram-ի հասանելիությունն արգելափակվել է նաև Հորդանանում։





























