Լիբանանի իշխանությունները «Հըզբոլլահ» շարժման հինգ ենթադրյալ անդամների մեղադրանք են առաջադրել զինված խումբ ստեղծելու, անդամներ հավաքագրելու և նրանց զենքով ապահովելու համար։ Դրա մասին չորեքշաբթի Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է երկրի դատական համակարգի աղբյուրը՝ Իրանի աջակցությունը վայելող շարժման նկատմամբ ուժեղացող ճնշումների ֆոնին։

Աղբյուրի տվյալներով՝ հինգ կասկածյալներին ձերբակալել են նոյեմբերի սկզբին Լիբանանի հյուսիսում՝ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված մի շրջանում, որը հեռու է «Հըզբոլլահի» հիմնական հենակետերից։

Մեղադրանքները վերաբերում են «զինված խումբ ստեղծելուն, անդամներ հավաքագրելուն, նրանց հանդերձանքով և զենքով ապահովելուն», ճշտել է գործակալության զրուցակիցը։

Իսրայելի հետ երկու հաջորդական պատերազմներից թուլացած «Հըզբոլլահի» նկատմամբ ճնշումն ուժեղանում է։ Լիբանանի իշխանությունները ձգտում են հասնել շարժման ռազմական թևի զինաթափմանը։

Անցյալ ամիս լիբանանյան դատարանը մեղադրանք է առաջադրել 13 մարդու, որոնք ենթադրաբար առնչություն ունեն «Հըզբոլլահին» պայթուցիկ նյութերի մատակարարմանը։ Խոսքը իշխանությունների առգրաված՝ մոտ 500 կիլոգրամ քաշով բեռի մասին է։ Շարժումը, հազվադեպ հրապարակային խոստովանությամբ, հայտարարել է, որ փոխադրամիջոցն ու բեռը «պատկանում են Իսրայելի դեմ դիմադրությանը», և պահանջել է վերադարձնել դրանք։

Անցյալ շաբաթ Լիբանանի բանակը հայտնել է Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող պահեստից զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ առգրավելու և մեկ անձի ձերբակալելու մասին։ Զինվորականները չեն հստակեցրել, թե ում էր պատկանում զենքը։ Մայրաքաղաքի հարավային արվարձանները համարվում են «Հըզբոլլահի» գլխավոր հենակետերից մեկը և շարժման ու Իսրայելի միջև վերջին երկու պատերազմների ընթացքում ենթարկվել են լայնածավալ ռմբակոծությունների ու ավերածությունների։

Հունիսին Լիբանանն ու Իսրայելը ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է «Հըզբոլլահի» զինաթափումը, իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերումը Լիբանանի հարավում նրանց զբաղեցրած տարածքներից և այնտեղ լիբանանյան բանակի տեղակայումը։