Բրիտանական BAE Systems պաշտպանական ընկերությունը կենտրոնական գրասենյակում և ավիացիոն ստորաբաժանումում կկրճատի 1070 աշխատատեղ։ Ընկերությունն իր որոշումը բացատրել է բիզնեսի ճկունությունն ու մրցունակությունը բարձրացնելու ձգտմամբ, հայտնում է Sky News-ը։
«Դա ճկունությունն ու մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ մեր շարունակական աշխատանքի հաջորդ փուլն է, որպեսզի հնարավորինս արդյունավետ օգտագործենք յուրաքանչյուր ֆունտը, որը մեր պատվիրատուները ծախսում են պաշտպանության վրա»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի խոշորագույն պաշտպանական արտադրող BAE Systems-ի ներկայացուցիչը։
Կրճատումները չեն վերաբերի ինքնաթիռների արտադրության և տեխնիկական սպասարկման մեջ անմիջականորեն ներգրավված աշխատակիցներին։ Ընկերությունը նախատեսում է դրանք իրականացնել հիմնականում աշխատակիցների՝ կամավոր աշխատանքից հեռանալու հաշվին։
Հայտարարությունն արվել է BAE Systems-ի ակտիվ աճի ժամանակաշրջանից հետո։ Ընկերությունը շահել է տարբեր երկրների պաշտպանական ծախսերի ավելացումից՝ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո աշխարհաքաղաքական լարվածության սրման պայմաններում։
BAE Systems-ի ավիացիոն ստորաբաժանումը կարևոր դեր է խաղում Eurofighter Typhoon կործանիչների արտադրության մեջ։ Իտալական Leonardo-ի և ճապոնական Mitsubishi Heavy Industries-ի հետ ընկերությունը միաժամանակ մշակում է նոր սերնդի հեռանկարային մարտական ինքնաթիռ, որը նախատեսվում է ստեղծել մինչև 2035 թվականը։
Unite արհմիությունը ստեղծված իրավիճակը կապել է բրիտանական կառավարության կողմից պաշտպանական ոլորտում որոշումների ընդունման ձգձգումների հետ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Շերոն Գրեհեմը նախազգուշացրել է, որ ժամանակին որոշումներ չընդունելու դեպքում երկրի արդյունաբերական բազան կարող է լրջորեն տուժել։
«Մենք արտադրական ոլորտ չենք ունենա, եթե կառավարությունը չսկսի կարևորագույն որոշումներ ընդունել»,- հայտարարել է նա։
Արհմիությունը իշխանություններին կոչ է արել անհապաղ հայտարարել բրիտանական հավաքման Typhoon կործանիչների և օդաչուավոր ավիացիայի հետ համատեղ գործելու ունակ անօդաչու մարտական ինքնաթիռների արտադրության պայմանագրերի մասին։ Unite-ը միաժամանակ պահանջել է Airbus ընկերությանը հանձնել Skynet 6 ռազմական արբանյակային համակարգի պայմանագիրը՝ նախազգուշացնելով, որ ձգձգումը վտանգում է Պորտսմութում և Սթիվենիջում բարձր որակավորում պահանջող հազարավոր աշխատատեղեր։





























