ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին, պետք է ժամանեն Բեռլին՝ հանդիպելու ուկրաինացի պաշտոնյաների և ութ հոգուց բաղկացած նոր եվրոպական բանակցային խմբի հետ, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի մի պաշտոնյայի։
Ըստ նրա՝ Բեռլինում բանակցությունները և Չինաստանում Թրամփի հանդիպումները համակարգված դիվանագիտական ջանքերի մաս են կազմում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը մանրամասն տեղեկացված են բանակցությունների ընթացքի մասին և Չինաստանում գտնվելու ընթացքում աջակցություն կցուցաբերեն նախագահին։
Բեռլինում կողմերը մտադիր են քննարկել պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքների հետագա մշակումը, երկրի տնտեսական վերականգնման և բարգավաճման համապարփակ ծրագրի առաջմղումը, ինչպես նաև բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստումը։
Եվրոպական բանակցային խմբի կազմում կընդգրկվեն E5 ձևաչափում միավորված եվրոպական հինգ խոշորագույն երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ԱՄՆ ներկայացուցիչները սերտ կապ են պահպանում Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների հետ՝ օրական մի քանի անգամ խորհրդակցություններ անցկացնելով։ Կողմերը համատեղ աշխատում են կայուն խաղաղության հասնելուն ուղղված առաջարկների վրա, դրանց թվում՝ անվտանգության ոլորտում ավելի լայն պայմանավորվածությունների, որոնք պետք է զսպեն ապագայում հնարավոր ագրեսիան և նվազեցնեն նոր պատերազմի վտանգը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ամերիկացի ներկայացուցիչներից տեղեկություններ է ակնկալում Թրամփի բանակցությունների մասին, որոնք ներկայում ընթանում են նաև Չինաստանում։
«Մենք եվրոպացիների հետ հստակ ընդհանուր դիրքորոշում ունենք. Ուկրաինայի հարցերը պետք է լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ, Եվրոպայի հարցերը՝ Եվրոպայի մասնակցությամբ։ Միայն այսպիսի մոտեցում է լինելու»,- ընդգծել է Զելենսկին։
Ամերիկացի պաշտոնյան, իր հերթին, հայտարարել է, որ Թրամփը նախկինի պես մտադիր է հասնել մարտական գործողությունների և մարդկային լայնածավալ տառապանքների դադարեցմանը՝ միաժամանակ նպաստելով ինքնիշխան, անվտանգ և բարգավաճ Ուկրաինայի գոյության համար պայմանների ստեղծմանը։
«Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է համաձայնեցվի համապատասխան կողմերի հետ»,- հավելել է նա։





























