ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հավանություն են տվել խմբակցության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսի թեկնածության առաջադրմանը խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը կկայանա հունվարին, երբ նոր գումարման Կոնգրեսը կսկսի աշխատանքը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Դեմոկրատները ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 251 կողմ, 11 դեմ, Ջեֆրիսի թեկնածությունն են առաջադրել Ներկայացուցիչների պալատի հաջորդ խոսնակի պաշտոնում»,– գրում է The Hill-ը։

Պարբերականը նշում է, որ սա առաջին փուլն է, իսկ ստորին պալատի ամբողջ կազմով քվեարկությունը կկայանա հունվարի 3-ին։

Այս պաշտոնը ստանձնելու համար Ջեֆրիսին անհրաժեշտ կլինի ստանալ 218 կոնգրեսականի աջակցությունը։

Եթե նրան հաջողվի ստանալ անհրաժեշտ թվով ձայներ, Ջեֆրիսը կդառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ խոսնակը։

Ավելի վաղ Ջեֆրիսը, ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իր կուսակցության հաղթանակի ֆոնին, պաշտոնապես հայտարարել էր ստորին պալատի խոսնակի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։

Նոր գումարման Կոնգրեսն աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարի 3-ին։ Նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունների արդյունքներով հանրապետականները կորցրել են վերահսկողությունը Սենատի և Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստանում երկու պալատներում էլ։