Twitter-ում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կողմից ժամանակին սեղմած «Կարդալ» կոճակը մեծ ուրախություն պարգեւեց հարավամերիկյան երկրի երիտասարդ  բնակչուհի Նատալի Վալդիվյեսոյին. Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է նրան տուն նվիրել, հաղորդում է մեքսիկական Milenio հրատարակչությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

19-ամյա աղջիկը նախորդ երկուշաբթի դարձել է Չավեսի երեքմիլիոներորդ «հետեւորդը»: Նա ծնունդով վենեսուելական Մարգարիտա կղզուց է, եւ նոր տունը նրան նվիրել են հենց այդ կղզում:

Մայիսի 30-ին նրան հյուրընկալվել է մի ամբողջ պատվիրակություն` իշխող կուսակցությունից այդ կղզու նահանգապետի թեկնածու Կարլոս Մատոյի գլխավորությամբ, որն էլ հաղորդել է նոր բնակարանի բանալիների առաջիկա հանձնման մասին.  «Այժմ նա, շնորհիվ բոլիվարյան կառավարության, նոր տուն կունենա, ինչը ցույց է տալիս Չավեսի սերը սեփական ժողովրդի հանդեպ»:

Աղջիկն իր հերթին հուզվել է եւ խոստովանել երկրի ղեկավարի նկատմամբ անսաման սերը: «Ուզում եմ ասել, որ ես նրան սիրում եմ, ուղարկում եմ նրան իմ համբույրները, որոնք պետք է օգնեն նախագահին առողջության վերականգնման եւ ոգու ամրության պահպանման համար», - ասել է Վալդիվյեսոն: