ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բախվում է «Իրանի կողմից աճող սպառնալիքի, որը ծրագրում է ամերիկացի քաղաքացիների սպանություններ երկրի ներսում և արտերկրում»։
Նա այս հայտարարությունն արել է՝ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինի և ՀԴԲ փոխտնօրեն Քրիստոֆեր Ռայի հետ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովում «Երկրին ուղղված գլոբալ սպառնալիքները. սեպտեմբերի 11-ից 25 տարի անց» խորագրով լսումների ժամանակ։
Ընդ որում, նա նախընտրել է չմանրամասնել ամերիկյան հետախուզության գործունեությունը և չի հստակեցրել, թե որն է ենթադրյալ սպառնալիքը։
Մինչդեռ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինը հայտարարել է, որ, իր կարծիքով, «կեղտոտ ռումբի» կիրառմամբ ԱՄՆ-ի վրա Իրանի հարձակման անմիջական սպառնալիք չկա։ Նա կրկնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համանման հայտարարությունը։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլ Գրինի այն հարցին, թե արդյոք նա համաձայն է այն պնդմանը, որ Իրանը «կեղտոտ ռումբի» մշակման առումով անմիջական սպառնալիք չի ներկայացնում, Մալինը պատասխանել է. «Այո»։
Երեքշաբթի Ռուբիոն հերքել է CNN-ի՝ ամերիկյան հետախուզությանը հղումով տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Իրանը ծրագրեր է մշակում Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու կամ քիմիական զենք կիրառելու ուղղությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ իրականացնելու նպատակով՝ հայտարարելով. «Չեմ կարծում, թե որևէ անմիջական սպառնալիք կա»։





























