ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նոյեմբերի 18-ին այցելել է Կիմ Չեն Սուկի անվան ռազմածովային ակադեմիա, որտեղ ծանոթացել է հրամանատարական կազմի պատրաստմանը և ցուցումներ տվել ռազմական կրթության կատարելագործման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Փոփոխված իրադրությունն ու մշտապես աճող մարտահրավերները պահանջում են հզոր ռազմածովային ուժերի ստեղծումը դարձնել առաջնահերթ ռազմավարական խնդիր», — ընդգծել է Կիմ Չեն Ընը։ Նրա խոսքով՝ այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ստանում ժամանակակից պատերազմի պայմաններում արդյունավետ գործելու ունակ հրամանատարների պատրաստումը։

ԿԺԴՀ ղեկավարը նշել է, որ ռազմածովային ուժերը զինված ուժերի բարձր տեխնոլոգիական տեսակի վերածվելուն զուգընթաց մեծանում է ակադեմիայի դերը մասնագետների պատրաստման գործում։ Նա ընդգծել է հակառակորդների հետ շարունակվող դիմակայության պայմաններում ծովում երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։

Կիմ Չեն Ընը ծանոթացել է ակադեմիայի ուսումնական ծրագրերին, կրթական գործընթացի կազմակերպմանը և նյութատեխնիկական բազային։ Նա նաև հետևել է դասախոսների ու կուրսանտների հրամանատարաշտաբային և հատուկ պարապմունքներին, այդ թվում՝ մարտական գործողությունների մոդելավորման վարժասարքերի կիրառմամբ, և հանձնարարականներ տվել ուսումնական հաստատության արդիականացման վերաբերյալ։