ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ու ավելի հաճախ է քննադատում իր հնարավոր իրավահաջորդին՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, այն հայտարարության համար, թե Իրանի հետ հակամարտությունը հանգեցրել է միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությանը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Վենսը X սոցիալական ցանցում գրել էր, որ Իրանի դեմ գործողությունը Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության առանցքային գործոնն է եղել։ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ փոխնախագահի արտահայտությունները որևէ կերպ չեն ազդել իրենց հարաբերությունների վրա։
«Սկզբում թվում էր, թե նախագահ Թրամփին ամենևին չի զայրացրել ընտրությունների արդյունքների մասին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերլուծությունը... Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Թրամփը գնալով ավելի է դժգոհում այն ձևից, որով փոխնախագահը ներկայացրել է տեղի ունեցածի իր գնահատականը»,– հաղորդում է պարբերականը։
Աղբյուրների խոսքով՝ Թրամփը դժգոհում է, որ Վենսը չի ընդգծել Իրանի հետ պատերազմ սկսելու իր որոշման հիմնավորվածությունը։
«Մասնավոր զրույցներում Թրամփը շարունակում է գովաբանել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և կարծիք հայտնել, որ նա կարող էր նախագահի հզոր թեկնածու դառնալ»,– նշում է պարբերականը։
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2028 թվականի նոյեմբերի 7-ին։ Հանրապետականների հավանական թեկնածուների շարքում առավել հաճախ նշվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Դեմոկրատների հավանական թեկնածուների թվում են նահանգապետեր Գևին Նյուսոմը և Ջոշ Շապիրոն։




























