Մեծ Բրիտանիան մեծ հեռահարության ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք կտրամադրի Ուկրաինային՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնհեմի գրասենյակի հայտարարության մեջ։

Հայտարարությունը տարածվել է նոյեմբերի 19-ին Բեռլինում նախատեսված՝ Ուկրաինայի հարցով «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման նախօրեին։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն իր ելույթի ժամանակ Բերնհեմը կհայտարարի հարվածային ԱԹՍ-ների տրամադրման մասին։ Դրանք կարող են ծանր մարտագլխիկներ կրել և հաղթահարել ավելի քան 1000 կմ տարածություն։ Անօդաչուները կներառվեն 260 մլն ֆունտ ստեռլինգի (341 մլն դոլար) օգնության փաթեթում։ Լոնդոնի պնդմամբ՝ դա Կիևին «հնարավորություն կտա հարվածներ հասցնել ռազմական արտադրության օբյեկտներին և ռազմաճակատի գծից շատ հեռու գտնվող այլ թիրախների»։

Հայտարարության համաձայն՝ Մեծ Բրիտանիան նաև կկազմակերպի ծովային, լոգիստիկ և հետախուզական անօդաչու սարքերի արտադրությունն ու մատակարարումը։

Բերնհեմի գրասենյակից հայտնել են նաև, որ Լոնդոնը սկսել է Ուկրաինային Lightweight Multirole Missiles (LMM) բազմաֆունկցիոնալ հրթիռների մատակարարումները։ 2025 թվականի մարտին բրիտանական արդյունաբերության ներկայացուցիչներն ու Ուկրաինան կնքել են 1,6 մլրդ ֆունտ ստեռլինգի գործարք, որի շրջանակում Կիևին կմատակարարվի ավելի քան 5000 LMM հրթիռ։