ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանին լայնածավալ ռազմական հարվածների նոր շարք հասցնելու ծրագրերը՝ հիմնվելով հետախուզական նոր տվյալների և Իսրայելի կոչերի վրա։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Նրանց խոսքով՝ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Սակայն նա ուսումնասիրում է Իսրայելի նախազգուշացումներն այն մասին, որ Իրանին հաջողվել է վերականգնել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պաշարները, ինչպես նաև առաջընթաց գրանցել քիմիական և կենսաբանական զենքի մշակման հարցում», — գրում է թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը նաև կարծում է, որ տարածաշրջանում ամերիկյան ներկայության ուժեղացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում Իրանին հարված հասցնելու համար։
«Վարչակազմի ներսում խոր տարաձայնություններ կան հետախուզական տվյալների հավաստիության և Իրանի վրա նոր հարձակման նպատակահարմարության շուրջ, հատկապես՝ միջանկյալ ընտրություններից հետո», — գրում է NYT-ը։





























