ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հայտարարել է նորարարական էկոհամակարգի ձևավորման և արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների համատարած ներդրման անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է նոյեմբերի 19-ին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) լիագումար նիստում ելույթի ժամանակ։

«Թվային տնտեսությունն ու արհեստական բանականությունը նորարարական զարգացման շարժիչ ուժերն են։ Անհրաժեշտ է ձևավորել բաց նորարարական էկոհամակարգ, նպաստել ոլորտային վերափոխումներում արհեստական բանականության լայն կիրառմանը և նորարարական զարգացմանը», — ասել է Չինաստանի ղեկավարը։

Չինաստանի ղեկավարն ընդգծել է թվային ենթակառուցվածքների արդիականացման և տվյալների կառավարման մեխանիզմների կատարելագործման կարևորությունը։ Նա նաև ԱԽՏՀ անդամ պետություններին կոչ է արել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային մակարդակով տվյալների կարգավորման ոլորտում՝ պայմաններ ստեղծելով միավորման երկրների միջև տեղեկատվության անխոչընդոտ և անվտանգ փոխանցման համար։

Բացի այդ, Սի Ծինփինը հայտարարել է Շենչժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան համայնքի հետազոտական կենտրոն բացելու ծրագրերի մասին։ Նոր հարթակը նախատեսված կլինի պետական քաղաքականության հարցերի ուսումնասիրման և միավորման մասնակիցների միջև գործնական փորձի փոխանակման համար, նշել է ՉԺՀ նախագահը։

Սի Ծինփինը նաև հայտնել է թվային տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտներում միջազգային փոխգործակցության նոր մեխանիզմներ ձևավորելու Չինաստանի մտադրության մասին՝ տարածաշրջանում նորարարական կանաչ զարգացումը խթանելու նպատակով։