Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Shijian-24 («Շիցզյան-24») փորձարարական արբանյակը։ Այս մասին հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիան։
Կորպորացիայի՝ WeChat-ում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ CZ-2D («Չանչժեն-2-դի») կրող հրթիռն արձակվել է ժամը 06:51-ին՝ Շանսի նահանգի Թայյուանի տիեզերակայանից։ «Չանչժեն» շարքի կրող հրթիռների համար սա 678-րդ առաքելությունն է։
CZ-2D-ն երկաստիճան հեղուկավառելիքային հրթիռ է՝ 3,35 մ տրամագծով գլխամասային շրջահոսիչով և 2,96 հազար կիլոնյուտոն մեկնարկային քարշուժով։ Հրթիռի երկարությունը հասնում է 40,7 մ-ի։ Այն կարող է ցածր մերձերկրյա ուղեծիր դուրս բերել մինչև 3,5 տ օգտակար բեռ, իսկ 700 կմ բարձրությամբ արեգակնահամաժամ ուղեծիր՝ 1,3 տ։ Սա CZ-2D-ի 108-րդ արձակումն է, իսկ 2026 թվականին՝ 7-րդը։
Չինաստանն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ ստեղծելով օդերևութաբանական, հեռահաղորդակցային և նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաև Լուսնի հետազոտման համար նախատեսված տեխնոլոգիաներ։ Պետության աջակցությամբ չինացի մասնագետներն ուսումնասիրում են աստերոիդների և Մարսի հետազոտման հնարավորությունները։ Երկրի ուղեծրում գործում է ՉԺՀ-ի տիեզերական կայանը, որը նախատեսված է նաև միջազգային համագործակցության համար։ 2025 թվականին Չինաստանն իրականացրել է 92 արձակում՝ գերազանցելով սեփական ռեկորդը։



























