Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիները» բնանկարը Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը վաճառվել է 190,43 մլն դոլարով։

Աճուրդի մեկ այլ թանկարժեք լոտ էր Պոլ Սեզանի «Առլեկինը» կտավը, որում պատկերված է նկարչի որդին՝ Պոլը։ Կտավի վերջնական գինը գերազանցել է 111 մլն դոլարը։ Աճուրդում վաճառվել են նաև Պիեռ Օգյուստ Ռենուարի «Երիտասարդ կինը նավակում» դիմանկարը՝ 27,5 մլն դոլարով, Կլոդ Մոնեի «Թյուիլրիի այգին» բնանկարը՝ 20,23 մլն դոլարով, և Էդգար Դեգայի «Ձիարշավից առաջ» կտավը՝ 18 մլն դոլարով։

Ավելի վաղ հրեական Ֆիշեր ընտանիքի ժառանգները դիմել էին Sotheby's աճուրդի տանը՝ պահանջելով աճուրդից հանել Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավը։ Նրանց պնդմամբ՝ այն 1936 թվականին Նիդերլանդներում հարկադրաբար վաճառվել է նացիստական վարչակարգի ճնշման ներքո։

Ընտանիքի փաստաբանը պնդում էր, որ աճուրդը չի կարող կայանալ, քանի դեռ Sotheby's-ը չի ապացուցել, որ 1930-ականների գործարքը կատարվել է շուկայական պայմաններով և կամավոր հիմունքներով։