Այսպես կոչված Սիրիական ազատ բանակը YouTube-ի միջոցով երկրի իշխանություններին վերջնագիր է ներկայացրել. 48 ժամվա ընթացքում կատարել Քոֆի Անանի խաղաղ ծրագրի պայմանները, այսինքն` հեռացնել իրենց զորքերը բնակավայրերից, դադարեցնել կրակը եւ սկսել բանակցություններ ընդդիմության հետ:   

Վերջնագրում ասվում է, որ եթե այդ պահանջները չկատարվեն, ապա հունիսի 1-ին նրանք իրենց վրայից վերցնում են բոլոր պարտականությունները, իսկ դա նշանակում է  արյունահեղության նոր ալիք եւ կարող է շատ լուրջ հետեւանքների հանգեցնել արդեն միջազգային մակարդակով, հաղորդում է «ՆՏՎ»-ն եւ հիշեցնում, որ Անանի նախագիծը տարածվում է նաեւ ապստամբների վրա: 
Ավելի ուշ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ին շրջանցելու գործողությունների հնարավորության մասին, եթե Քոֆի Անանի նախագիծը տապալվի: Թե դրանք ինչ գործողություններ կարող են լինել, դեռեւս չեն հստակեցվում, սակայն Վաշինգթոնն ավելի վաղ էլ չէր բացառել ռազմական սցենարի հնարավորությունը:

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն արտահայտել է իր երկրի կարծիքը, որը դեմ է ցանկացած ռազմական միջամտության Կոսովոյի կամ Իրաքի  օրինակը հաշվի առնելով: «Մենք պնդում ենք Սիրիայում քաղաքական կայունացման վրա», - հայտարարել է նա եւ ընդգծել, որ պետք է ամեն ինչ շատ լավ մտածել, «նախքան որեւէ ժեստերով, գործողություններով կամ ակնարկներով հանդես գալը, որոնք շրջանցում են  ԱԽ-ին եւ Քոֆի Անանի նախագծին»: