Իսլամը կարող է դառնալ աշխարհի ամենամեծ կրոնը՝ հետևորդների թվով առաջ անցնելով քրիստոնեությունից արդեն 2035 թվականին։ Ըստ Pew Research Center-ի հետազոտության, որի մասին գրում է NYP-ը, այս սցենարը հնարավոր է, եթե պահպանվեն ներկայիս ժողովրդագրական միտումները։
Հետազոտողների գնահատմամբ՝ այդ ժամանակ մուսուլմանների թիվը կհասնի մոտ 2,57 միլիարդի, իսկ քրիստոնյաներինը կկազմի շուրջ 2,52 միլիարդ։ 2020 թվականին պատկերը հակառակն էր․ աշխարհում կար մոտ 2,27 միլիարդ քրիստոնյա և 2,02 միլիարդ մուսուլման։
Մինչև 2070 թվականը տարբերությունը կարող է ավելի մեծանալ։ Կանխատեսման համաձայն՝ մուսուլմանների թիվը կհասնի 3,6 միլիարդի՝ կազմելով աշխարհի բնակչության շուրջ 36%-ը։ Քրիստոնյաների թիվը նույնպես կավելանա և կմոտենա 3 միլիարդին, սակայն աշխարհի բնակչության մեջ նրանց մասնաբաժինը կմնա մոտ 29%-ի սահմաններում։
Հիմնական պատճառներն են մուսուլման բնակչության ավելի երիտասարդ տարիքային կազմը և ծնելիության բարձր մակարդակը։ Pew Research Center-ի տվյալներով՝ 2020–2025 թվականներին մեկ մուսուլման կնոջը միջինում բաժին է ընկել 3,1 երեխա, մինչդեռ քրիստոնյա կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է 2,5։ Համեմատության համար՝ այլ կրոններ դավանող կամ որևէ կրոնի չհարող կանանց շրջանում միջին ցուցանիշը 1,6 երեխա է։
Բացի այդ, 2020 թվականին աշխարհի մուսուլման բնակչության մոտ մեկ երրորդը 15 տարեկանից փոքր էր։ Սա նշանակում է, որ առաջիկա տասնամյակներում այդ բնակչության զգալի մասը կհասնի վերարտադրողական տարիքի՝ նպաստելով բնական աճին։
Հետազոտողներն ընդգծում են, որ կրոնական խմբերի թվային հարաբերակցության փոփոխության մեջ առանցքային դեր ունեն ժողովրդագրական գործոնները, այլ ոչ թե մի կրոնից մյուսին զանգվածային անցումները։ Կանխատեսման համաձայն՝ 2020–2070 թվականներին ծնելիության՝ մահացությանը գերազանցելու հաշվին մուսուլման բնակչությունը կավելանա շուրջ 1,6 միլիարդով, իսկ քրիստոնյա բնակչությունը՝ 792 միլիոնով։
Կրոնական պատկանելության փոփոխությունները ևս ազդեցություն կունենան, սակայն այն զգալիորեն փոքր կլինի։ Pew-ի հաշվարկներով՝ կրոնափոխության և կրոնական պատկանելությունից հրաժարվելու հետևանքով իսլամի հետևորդների թիվը զուտ հաշվարկով կնվազի մոտ 8 միլիոնով, իսկ քրիստոնյաներինը՝ շուրջ 105 միլիոնով։ Ընդ որում՝ քրիստոնեություն ընդունած մուսուլմանների և իսլամ ընդունած քրիստոնյաների թվերը գրեթե հավասար կլինեն։
Հետազոտության մեկ այլ կարևոր եզրակացություն վերաբերում է համաշխարհային կրոնների աշխարհագրության փոփոխությանը։ Մինչև 2070 թվականը բոլոր քրիստոնյաների կեսից ավելին՝ մոտ 54%-ը, կբնակվի Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում։ 2020 թվականին այս տարածաշրջանին բաժին էր ընկնում աշխարհի քրիստոնյա բնակչության շուրջ 31%-ը։
Քրիստոնեության ժողովրդագրական կենտրոնն աստիճանաբար Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից տեղափոխվում է Աֆրիկա։ Ըստ կանխատեսման՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում քրիստոնյաների թիվը 2020 թվականի 92 միլիոնից մինչև 2070 թվականը կարող է հասնել 299 միլիոնի։ Այդպիսով երկիրը կշրջանցի ԱՄՆ-ին և կդառնա ամենամեծ քրիստոնյա բնակչություն ունեցող պետությունը։
Վերաբաշխում է սպասվում նաև մուսուլմանական աշխարհում։ Պակիստանը, որտեղ 2020 թվականին բնակվում էր շուրջ 227 միլիոն մուսուլման, մինչև 2070 թվականը կարող է առաջ անցնել Ինդոնեզիայից և դառնալ ամենամեծ մուսուլման բնակչություն ունեցող երկիրը՝ իսլամի մոտ 461 միլիոն հետևորդով։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում քրիստոնեությունը, ըստ կանխատեսման, կմնա ամենամեծ կրոնը, սակայն քրիստոնյաներն այլևս չեն կազմի բնակչության մեծամասնությունը։ Նրանց թիվը 2020 թվականի 217 միլիոնից մինչև 2070 թվականը կարող է նվազել՝ հասնելով 174 միլիոնի։
Pew Research Center-ի հետազոտությունն ընդգրկում է յոթ կրոնական խումբ՝ 201 երկրում և տարածքում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 99,98%-ը։ Հեղինակները հաշվի են առել տարիքային կազմը, ծնելիությունը, մահացությունը, միգրացիան և կրոնական պատկանելության փոփոխությունները։
Միևնույն ժամանակ կանխատեսումն անխուսափելի սցենար չէ․ այն հիմնված է ներկայիս միտումների պահպանման ենթադրության վրա և հաշվի չի առնում հնարավոր լայնածավալ ցնցումները՝ պատերազմները, համաճարակները, բնական աղետներն ու սոցիալ-տնտեսական լուրջ փոփոխությունները։





























