Նոյեմբերի 19-ի գիշերը Թաթարստանում անօդաչուների հարձակման վտանգի ռեժիմ է հայտարարվել։ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ յոթ քաղաքներում, այդ թվում՝ Ալմետևսկում, Նաբերեժնիե Չելնիում, Նիժնեկամսկում և Ելաբուգայում, հարձակման սպառնալիքը պահպանվել է մի քանի ժամ։ Astra-ի տվյալներով՝ թիրախը եղել է Ալմետևսկից 5–8 կմ հեռավորության վրա գտնվող «Կալեյկինո» նավթամղիչ կայանը։ Այն Ուկրաինայի սահմանից մոտ 1300 կմ հեռավորության վրա է։ Տեղի բնակիչների խոսքով՝ հարձակումից հետո կայանի ուղղությամբ շտապօգնության և հրշեջ մեքենաներ են մեկնել։ Իշխանությունները իրավիճակը պաշտոնապես չեն մեկնաբանել։
«Կալեյկինո» նավթամղիչ կայանը «Տրանսնեֆտին» պատկանող՝ Ռուսաստանի մայրուղային նավթատարների համակարգի առանցքային կայաններից է։ Այստեղ խառնվում են Արևմտյան Սիբիրից, Թաթարստանից, Ուդմուրտիայից և Բաշկորտոստանից մատակարարվող տարբեր տեսակի նավթի հոսքերը, պահպանվում է համակարգի ճնշումը և բաշխվում հումքը, այդ թվում՝ դեպի «Դրուժբա» նավթատար։ Ուկրաինական հեռահար անօդաչուները կայանի վրա նախկինում հարձակվել էին փետրվարի 23-ին։ Ռուսաստանի ԱԻՆ-ում Astra-ի աղբյուրն այն ժամանակ հայտնել էր, որ հրդեհվել է երկու պահեստարան՝ յուրաքանչյուրը 50 հազար խորանարդ մետր տարողությամբ։
Նոյեմբերի սկզբից ուկրաինական անօդաչուները երկու անգամ հարձակվել են «Սամարա» գծային արտադրադիսպետչերական կայանի վրա։ Հարվածներից մեկից հետո օբյեկտում բռնկված հրդեհը մի քանի օր չի հաջողվել մարել։ Կայանը Ռուսաստանում նավթի փոխադրման և բաշխման խոշորագույն հանգույցն է։ Այստեղ միանում են չորս մայրուղային նավթատարներ՝ «Ալմետևսկ — Կույբիշև», «Կալտասինսկի — Կույբիշև», «Նիժնևարտովսկ — Կուրգան — Կույբիշև» և «Գուրև — Կույբիշև»։ Հետագա փոխադրման համար կայան նավթ է մատակարարվում Արևմտյան Սիբիրից, Թաթարստանից, Օրենբուրգից և Ղազախստանից։
Ուկրաինայի զինված ուժերը հոկտեմբերի վերջին վերսկսել են հարվածները Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին՝ կարճատև դադարից հետո, որը պայմանավորված էր հարձակումները դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջով։ Իրազեկ աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ այդ ընթացքում ուկրաինական անօդաչուները խափանել են 35 խոշոր նավթավերամշակման գործարաններից 15-ի աշխատանքը կամ դրանք ամբողջությամբ շարքից հանել։ Նույն աղբյուրների տվյալներով՝ արդյունքում Ռուսաստանում նավթի վերամշակման ընդհանուր ծավալը հոկտեմբերի վերջի ցուցանիշի համեմատ նվազել է 45%-ով։





























