Տիգրան Ավինյանի ոտքի տակը որևէ մեկը չի փորում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ մասին խոսակցությունները սկիզբ առան նրանից, որ ինքը տարածել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի տեսանյութը, որտեղ վերջինս քննադատում է քաղաքային իշխանություններին խցանումների համար։

«Ես այդ տեսանյութը շեյր արեցի, որովհետև ես Երևանում եմ ապրում, որովհետև ես ժամանակին 90-ականներին, կարելի է ասել, հին ժամանակ, երբ որ 18 թվականին հեղափոխություն էր, ես ավագանի էի և ուզում էի քաղաքապետ դառնալ, ու այդպես մնացել է այդ պատմությունը իմ հետ կապված։ Հենց 18-ից է սկսվել, որ Հայկ Մարությանը ի հայտ եկավ Kinder Surprise-ի պես և այլն»,–ասաց նա։

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ կլինեք Երևանի քաղաքապետի թեկնածու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ բացառում, որ որևիցե պաշտոն կունենամ՝ վարչապետից մինչև թաղապետ, մենակ կաթողիկոսը բացառեք, ինչպես նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահի, ինչի ցանկությունը իմ մեջ շատ մեծ է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվի»։

Ինչ վերաբերում է հարցին՝ ՔՊ–ում կա՞ քննարկում, թե ով է լինելու Երևանի հաջորդ ընտրություններում քաղաքապետի թեկնածուն, և որ Ավինյանը չի լինելու, ԱԽ քարտուղարն ասաց. «Նման քննարկում չկա, երբ որ ժամանակը կգա մենք քննարկում կանենք կտեսնենք թե ով է առաջադրվում որպես քաղաքապետի թեկնածու, Վարչությունը կքննարկի, որոշում կկայացնի, բայց դրան կա առնվազն մեկ տարի»։ Ալեն Սիմոնյանը չցանկացավ քննարկել խցանումների հետ կապված խնդիրը. «Ես չեմ մտնի այդ խոսակցության մեջ։ Ես քննադատում եմ խցանումների գոյությունը, բայց լուծումները քաղաքապետի և քաղաքապետարանի դաշտում է։ Այն պահից սկսած, երբ ես մտա այդ խոսակցության մեջ, կստացվի, որ ես քաղաքապետի պաշտոնի հավակնություն ունեմ ձեր աչքում։ Ես դա անելու ցանկություն հիմա չունեմ»։

Ինչ վերաբերում է իր և Աննա Հակոբյանի հարաբերություններին, Սիմոնյանն ասաց. «Տիկին Հակոբյանը իմ մոտ ընկերոջ քույրն է, նա մեր երկրի ղեկավարի կինն է։ Տիկին Հակոբյանը իմ վաղեմի ընկերն է և կարող եմ ասել, որ իմ վերաբերմունքը իր նկատմամբ քրոջ պես վերաբերմունք է։ Դա փոխադարձ է, մենք շատ երկար ճանապարհ ենք անցել և շատ մեծ հարգանք ունեմ իր նկատմամբ»։