Քաթարում Դոհայի առեւտրի կենտրոնի հրդեհի գործով, որը 13 երեխայի կյանք է խլել, ձերբակալվել է հինգ մարդ, այդ թվում մշակույթի նախարար Իմրան ալ Քավարիի դուստրը, ով առեւտրի կենտրոնի մանկամսուրների սեփականատերն էր:
Հսկողության տակ են վերցվել նաեւ առեւտրա-ժամանցային համալիրի սեփականատերը, գլխավոր մենեջերը, նրա օգնականները եւ թիկնազորի պետը:
Հետաքննության շրջանակում հարցաքննության են կանչվել առեւտրի կենտրոնի անվտանգության ծառայության պետը, ինչպես նաեւ մի շարք պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են լիցենզիաների տրամադրման գործում:
Նախնական հետաքննության համաձայն, կրակի արագ տարածման պատճառ են դարձել հրդեհային ազդանշանների եւ հրդեհաշիջման համակարգի աշխատանքի լուրջ խափանումները: Բացի այդ, փրկարարները չեն ունեցել շինության հատակագիծը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Քաթարի մայրաքաղաք Դոհայի առեւտրի խոշորագույն կենտրոններից մեկում հրդեհի զոհ է դարձել 19 մարդ, այդ թվում 13 երեխաներ, շուրջ 20-ը վիրավորվել են: Երեխաներից բացի զոհվել են չորս դաստիարակներ եւ հրշեջ ծառայության երկու աշխատակիցներ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, հրդեհի արդյունքում բոլոր զոհվածներն արտասահմանյան քաղաքացիություն ունեն:




























