Անշարժ գույքի ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար հատկացվել է 42 մլն դրամ (117 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Հարթակը նախատեսված է ինչպես անշարժ գույքի գործակալների, այնպես էլ քաղաքացիների համար։ Համակարգի միջոցով կստուգվեն շուկայում առկա առաջարկները, և կապահովվի փոխգործակցություն անշարժ գույքի վաճառքի առցանց հարթակների հետ։

Համակարգի նպատակն է նպաստել անշարժ գույքի շուկայի կարգավորմանը, ստվերային գործունեության սահմանափակմանը, շուկայի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը և խարդախության ռիսկերի նվազեցմանը։ Այն նաև կպարզեցնի պայմանագրերի գրանցումն ու փաստաթղթերի իսկության ստուգումը։