Հաստատվել է Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների գործողությունների ծրագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Կառավարության նիստում։

Ծրագիրը ներառում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական նպատակները, խնդիրներն ու դրանց իրականացման միջոցները՝ հիմնված «իրական Հայաստանի» գաղափարախոսության և ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրի վրա։

Փաստաթղթում ընդգրկված է 733 միջոցառում՝ վեց հիմնական ուղղություններով։ Դրանց թվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ամրապնդումն ու հետագա ինստիտուցիոնալացումը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության հետ վիզաների ազատականացումը, ԵՄ անդամակցության հեռանկարով դաշինքի հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացումն ու հարաբերությունների կարգավորումը։

Կառավարությունը նպատակ է դրել աղքատության մակարդակը նվազեցնել 5 տոկոսային կետով և Հայաստանի ողջ բնակչությանը ներառել առողջության համապարփակ ապահովագրության համակարգում։ Տնտեսական քաղաքականության առանցքում լինելու են արտադրողականության ու մրցունակության բարձրացումը, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացումը։

Այս տրամաբանության իրականացումը կապահովի տարեկան միջինը 6% տնտեսական աճ, 125 հազար նոր աշխատատեղերի ստեղծում, տեղական ծագման ապրանքների արտահանման ծավալների առնվազն կրկնապատկում, արդյունաբերական արտադրության ծավալների 50% աճ, գյուղատնտեսության ՀՆԱ-ի արժեքի առնվազն 50% ավելացում և հացահատիկի արտադրության կրկնապատկում։ Կմեկնարկեն 10 ջրամբարի կառուցման աշխատանքները՝ դրանք մինչև 2033 թվականն ավարտելու նպատակով, կկառուցվի ու կվերակառուցվի 350 կիլոմետր ջրանցք և խողովակաշար, իսկ Երևանում, Գյումրիում և Վանաձորում կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում։

Էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով կիրականացվի ինտեգրում տարածաշրջանային էներգահամակարգերին, ինչպես նաև կգործարկվեն 1000 մեգավատտ հզորությամբ արևային (ֆոտովոլտային) և 8000 մեգավատտ հզորությամբ կուտակիչ էլեկտրակայաններ։

Դատական համակարգի և պետական կառավարման բարեփոխումների առանցքը լինելու է մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանությունը, այդ թվում՝ որակյալ ծառայությունների մատուցման միջոցով։ Առանցքային բարեփոխումների շարքում են կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի գործընթացի կատարելագործումն ու կայունության ապահովումը, ինչպես նաև պետական և համայնքային բոլոր հիմնական ծառայությունների թվայնացումը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը իրատեսական է համարել՝ հատկապես քաղաքական հարաբերությունների համատեքստում։ Այս կապակցությամբ նա կարևորել է կենսաչափական անձնագրերի ներդրումը և սահմանային կառավարման ոլորտի բարեփոխումները։