Հավանության է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից դադարեցնել 2012 թականին ներդրված «Սոցիալական փաթեթ» ծրագիրը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ պետական հատվածում վարձատրությունը ցածր էր, ուստի անհրաժեշտ էր այդ կերպ բարձրացնել այնտեղ աշխատանքի գրավչությունը։ Թորոսյանը վստահություն է հայտնել, որ վերջին տարիների բարեփոխումների արդյունքում ծրագիրը կորցրել է այն իմաստը, որն ի սկզբանե դրվել էր դրա հիմքում։

Նա հայտնել է, որ այս խմբին պատկանող բազմաթիվ քաղաքացիների բանկային հաշիվներում սոցիալական փաթեթի շրջանակում կուտակվել է շուրջ 13 մլրդ դրամ, որը նրանք կարող էին ծախսել որոշակի ուղղություններով։ «Մենք առաջարկում ենք այս դրույթի գործողությունը երկարաձգել ևս վեց ամսով, իսկ դրանից հետո վերացնել այդ սահմանափակումները, որպեսզի նշված քաղաքացիները կարողանան այդ միջոցները ծախսել իրենց հայեցողությամբ», - նշել է նախարարը։