Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի արաբ դաշնակիցները մտավախություն ունեն, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է իրենց երկրներում աննախադեպ ավերածությունների հանգեցնել՝ Իսլամական Հանրապետության պատասխան հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով Պարսից ծոցի երկրներում իր աղբյուրներին։

Արաբական երկրները կարծում են, որ Իրանի պատասխան գործողությունների մասշտաբները զգալիորեն կգերազանցեն անցած գարնանը ԱՄՆ-ի ռազմական գործողության ակտիվ փուլի ընթացքում արձանագրվածը։ Մասնավորապես, ԱՄՆ-ի այն դաշնակիցները, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմակայաններ, մտավախություն ունեն, որ նոր սրման դեպքում Իրանը կարող է զգալի վնաս հասցնել իրենց նավթային ենթակառուցվածքներին։ Նրանց մտահոգում է նաև էլեկտրակայաններին, ջրի աղազերծման կայանքներին և կապի մայրուղային մալուխներին հարվածներ հասցնելու հավանականությունը։

Բացի այդ, Պարսից ծոցի երկրները կարծում են, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերսկսումը կարող է հանգեցնել Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների գործողությունների կտրուկ ակտիվացմանը և նրանց կողմից Բաբ էլ Մանդեբի նեղուցի արգելափակմանը։

Նոյեմբերի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայում Իրանի դեմ խոշոր մարտական գործողությունները վերսկսելու անհրաժեշտություն չի տեսնում։