Անձնագրային նոր համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Հայաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար նոր սերվերների ձեռքբերմանը հատկացվել է 500 մլն դրամ (մոտ 1,4 մլն դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 19-ի նիստում։

Որոշման արդյունքում կձևավորվի բնակչության պետական ռեգիստրի համար անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքը, որը թույլ կտա սպասարկել համակարգի ակնկալվող ծանրաբեռնվածությունը և ապահովել դրա հուսալի ու անխափան աշխատանքը։ Նախատեսվում է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների փուլային ինտեգրում՝ դրանք միասնական ենթակառուցվածքում պահելու և կառավարելու նպատակով։

Մեկ այլ որոշմամբ՝ 33,5 մլն դրամով (մոտ 93 հազար դոլար՝ խմբ.) նախատեսվում է ձեռք բերել գերարագ ցանց և սարքավորումներ։ Դրանք հնարավորություն կտան Ֆինանսների նախարարության վարչական շենքից առավել անվտանգ և արագ միանալ Երևանի և Դիլիջանի տվյալների մշակման կենտրոններում տեղադրված նոր սերվերային ենթակառուցվածքին։