1925 թվականին արտադրված չափազանց հազվագյուտ Bugatti Type 37 մրցարշավային ավտոմեքենան աճուրդի կհանվի Փարիզում 2027 թվականի փետրվարին, հայտնում է Motorious-ը։
Կազմակերպիչները 37102 շասսիի համարով մեքենան գնահատում են 650–850 հազար եվրո։ Ըստ Broad Arrow Auctions աճուրդային տան՝ սա մոդելի հայտնի պահպանված օրինակներից ամենահինն է։
Աճուրդը տեղի կունենա 2027 թվականի փետրվարի 3-ին The Peninsula Paris հյուրանոցում՝ դասական ավտոմեքենաների Rétromobile ցուցահանդեսի շաբաթվա շրջանակում։ Սա կլինի Broad Arrow-ի առաջին միջոցառումը Փարիզում։
37102 համարի շասսիով մեքենան 1925 թվականին՝ այս մոդելի արտադրության մեկնարկի տարում, թողարկված չորրորդ և վերջին Type 37-ն է։ Ըստ աճուրդային նմուշի նկարագրության՝ մեքենայի սեփականատերերի պատմությունը փաստաթղթերով հետագծվում է թողարկման պահից ի վեր։ Տասնամյակների ընթացքում այն եղել է փոքրաթիվ նվիրյալ սեփականատերերի ձեռքում, ընդսմին՝ գրեթե կես դար պատկանել է մեկ ընտանիքի։
Ընդ որում, ավտոմեքենան պարզապես չի պահվել որպես հավաքածուի ցուցանմուշ։ Այն մասնակցել է պատմական ավտոմեքենաների մրցումների, ներառյալ՝ Grand Prix de Monaco Historique-ին, Prescott Speed Hill Climb լեռնային վերելքի մրցմանը և վերականգնված Klausenrennen Revival մրցարշավին։ Մեքենայի պատմությունն ուսումնասիրել է Bugatti մակնիշի մասնագետ և ավտոմոբիլային պատմաբան Պիեռ-Իվ Լոժիեն, որն առանձին զեկույց է պատրաստել։
Type 37-ը ստեղծվել է որպես հայտնի Bugatti Type 35 մրցարշավային ավտոմեքենայի ավելի մատչելի այլընտրանք։ Մոդելը պահպանել է ավագ մոդելի բնորոշ արտաքին տեսքն ու հիմնական կառուցվածքային լուծումները, սակայն շարային ութգլան շարժիչի փոխարեն ստացել է 1,5 լիտր ծավալով քառագլան շարժիչ՝ վերին տեղադրությամբ բաշխիչ լիսեռով։ Դրա հզորությունը մոտ 60 ձիաուժ էր։
Նման կառուցվածքը նվազեցնում էր արտադրության և շահագործման ծախսերը՝ ավտոմեքենան ավելի գրավիչ դարձնելով մասնավոր մրցարշավորդների համար։ Type 37-ը նաև փոխարինեց ավելի վաղ թողարկված Type 13 Brescia-ին՝ որպես շարժիչի փոքր աշխատանքային ծավալով մրցարշավային մոդել։ 1927 թվականին հայտնվեց մեխանիկական գերլիցքավորիչով Type 37A տարբերակը, որն ուներ մոտ 20 ձիաուժով ավելի մեծ հզորություն։ Ըստ գնահատականների՝ ընդհանուր առմամբ թողարկվել է շուրջ 210 Type 37 ավտոմեքենա։
Աճուրդային նմուշի հայտարարված արժեքը համադրելի է այն գների հետ, որոնք նախկինում վճարվել են մոդելի այլ օրինակների համար, թեև յուրաքանչյուր ավտոմեքենայի վիճակն ու պատմությունը զգալիորեն ազդում են աճուրդի արդյունքի վրա։ Մասնավորապես, 1928 թվականի Bugatti Type 37-ը վաճառվել է 747 500 դոլարով, իսկ 1929 թվականի օրինակը 2023 թվականի հոկտեմբերին Բելգիայի Կնոկկե-Հեյստ քաղաքու՝ Bonhams աճուրդում վաճառվել է 1,217 միլիոն դոլարով։
Միաժամանակ ոչ բոլոր Type 37 ավտոմեքենաներն են գնորդ գտնում նույնիսկ համեմատաբար չափավոր գնահատված արժեքի դեպքում։ 1927 թվականի՝ 37212 շասսիի համարով մեքենան չի վաճառվել 2026 թվականի օգոստոսին Broad Arrow-ի աճուրդում՝ չնայած հայտարարված գնային միջակայքին։ Սա ցույց է տալիս, որ դասական մրցարշավային ավտոմեքենաների շուկան շարունակում է ընտրողական մնալ։
37102 աճուրդային նմուշի վաճառքի հեռանկարների վերջնական գնահատականը կախված կլինի ոչ միայն դրա տարիքից ու հազվագյուտ լինելուց, այլև տեխնիկական վիճակից։ Broad Arrow-ը խոստանում է լրացնել ավտոմեքենայի նկարագրությունը ամբողջական կատալոգի պատրաստման ընթացքում։





























