Անհայտ կորածների խնդիրը լայն է և բազմաշերտ, և բարդ. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որպես այս հարցով տարբեր տեղերում և երկարատև զբաղվող կազմակերպություն, ուշադրության կենտրոնում հարցի մարդասիրական կողմն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19–ին, Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԽՄԿ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դափնե Մարեն։

«Այս համատեքստում մենք աշխատում ենք երկու ուղղություններով՝ առաջինը անհայտ կորածների հարազատների հետ կապված խնդիրներն են ու մարտահրավերները։ Մենք փորձում ենք իրենց տարբեր ուղղություններով խորհրդակցության կամ աջակցության տեսքով օգտակար լինել, դրանք հոգեսոցիալական, տնտեսական, առողջական, իրավական հարցերն են, որոնց այդ մարդիկ բախվում են, և մենք նրանց կողքին ենք այս հարցերում որոշակի թեթևություն ապահովելու համար, և իհարկե այն հարցերը, որոնք վերաբերում են պետական իշխանությունների հետ համագործակցության և մեր, որպես չեզոք միջնորդի և հարցով մասնագիտորեն զբաղվող կազմակերպության։

Այստեղ պետք է նշենք օրինակ այն կարևոր խնդիրները, որոնք վերաբերում են տեղ ներպետական օրենսդրությանը։ Այստեղ պետք է շեշտադրեմ վերջերս ընդունված անհեայտ կորածներին վերաբերող օրենքը, բայց նաև բժշկական, դատաբժշկական, իրավական համակարգի ամրապնդումը, որտեղ նույնպես մենք ունենք որոշակի աջակցություն, բավականին այդպես կենտրոնացված են մեր ջանքերը։ Այդ ասպեկտն էլ շատ կարևոր է այս ամբողջ հարցում, որպեսզի ինստիտուցիոնալ կերպով դա ամրապնդվի և պատրաստ լինի նման հարցերում առաջընթաց ապահովելու համար։

Այս առումով մենք աջակցում ենք համապատասխան պատկան մարմիններին՝ այդ ծառայությունները պատշաճ մակարդակի հասցնելու հարցում»,–ասաց նա։

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր բացառիկ հանձնագրի հիման վրա, երբ սկսվում է ցանկացած հակամարտություն, ցանկացած վայրում, գտնվում է այդ հակամարտության կոնտեքստում սկսած հենց առաջին օրերից։

«Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ երբ հակամարտային իրավիճակը թեթևանում է, կամ անցումային շրջանը է անցնում, այս պարագայում անհայտ կորածների հարցը կարող է քաղաքականացվել կողմերի կողմից։ Այս առումով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հենց սկզբնական փուլում նայում է այդ հարցին որպես շատ կարևոր հիմնահարց, որը ծագում է ցանկացած հակամարտության պայմաններում։ ԿԽՄԿ–ն սկսում է հավաքագրել տվյալներ և աշխատել այս ուղղությամբ ամենաառաջին փուլերից սկսած։ Մենք սկսում ենք հավաքագրել տվյալներ, սկսում ենք աշխատել ընտանիքների հետ հենց առաջին օրերից, երբ այդ խնդիրը սկսում է ի հայտ գալ։

Եթե խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է, ապա այստեղ նույնպես 90-ականներից ի վեր մենք աշխատել ենք ընտանիքների հետ, որոնք բախվել էին այս խնդրի հետ և օգնել ենք հավաքագրել այդ տվյալները, քանի դեռ դրանք համեմատաբար թարմ էին։ Մենք մի քանի տասնամյակ ներկա ենք եղել ղարաբաղյան հակամարտության համատեքստում։ Խոսքը Երևանում, Բաքվում և Լեռնային Ղարաբաղում մեր գրասենյակների մասին է»,–ասաց Դափնե Մարեն։

Նա նշեց, որ հայկական կողմը նշում է, որ 1000 անհայտ կորած անձ ունի, իսկ Ադրբեջանը նշում է 4000 այդպիսի անձի մասին. «Այս տվյալները հավաքագրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ աշխատելով անմիջապես ընտանիքների հետ։ Այսինքն մենք ստացել ենք ընտանիքներից որոնման հայտեր, գրանցել դրանք և այդ թվերը, որոնք ես նշում եմ, մենք հավաստի տվյալները հավաքագրել ենք կոնկրետ ընտանիքներից Ադրբեջանում մեր գրասենյակի միջոցով»։

Անդրադառնալով դեպքերին, երբ հարազատները պնդում են, որ իրենք տեսանյութով տեսել են, որ իրենց հարազատը գերի է, սակայն Ադրբեջանը չի հաստատում այդ փաստը, արդյոք ԿԽՄԿ–ն ինչ–որ աշխատանքներ տանում է այդ ուղղությամբ, Դափնե Մարեն նշեց. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բացառապես մարդասիրական կազմակերպություն է, ուստի ցանկացած դեպքում մենք դիտարկում ենք, որ անձը անհետ կորած է, մենք չենք քննարկում պատճառները, թե ինչու է անհետ կորած։ Մենք գրանցում ենք մարդու անհետացման հետ կապված բոլոր հանգամանքները, սակայն մեր համար բոլոր այդ անձինք հավասարաչափ անհայտ կորած դեպքեր են համարվում, և բնականաբար մենք բոլոր այդ դեպքերին անդրադառնում ենք հավասարապես»։

Ինչ վերաբերում է 90-ականների դեպքերի հանգամանքներին, նա նշեց, որ առայսօր որևէ հստակություն որևէ դեպքի հետ կապված չկա. «Գրանցված շուրջ 1000 դեպքերը, որոնցից կեսից ավելին վերաբերում են 90-ականներին անհայտ կորածների հարցերին, որևէ առաջընթաց չկա որևէ դեպքի շուրջ։ Այս ընթացքում, երբ սկսվում է գործընթաց այս պարզաբանման ուղղությամբ, մենք հույս ունենք, որ այսուհետ մենք ունենանք որոշակի քայլեր, որոնք կբերեն, ի վերջո, պարզաբանման»։