Մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 18–ին, Արևիկ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ բնակիչն իրենց տան բակում պատահաբար կրակել էր հրացանից և վիրավորել 24–ամյա աներորդուն. Վերջինս մահացել էր։
Գյուղի բնակիչները NEWS.am—ի հետ զրույցում պատմեցին, որ կրակողի ընտանիքը տեղահանվել է Արցախից, կրակողը, որի անունը Կամո է՝ 25 տարեկան, 44–օրյա պատերազմում վիրավորվել է և կորցրել ոտքը։
«Այդ ժամանակ զինծառայող է եղել 2020–ին։ Հանգիստ, նորմալ ժողովուրդ են, շնորհքով, խելոք։ Թե ինչ հիմար կատակ են արել, ես չեմ հասկանում»,–ասաց գյուղի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան բակում։
Իսկ մահացողը Արևիկի բնակիչ չէ, գրանցված է Շենավան գյուղում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին, ժամը 20։25-ի սահմաններում 25-ամյա տղամարդը տան բակում իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։
25-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Նոյեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխված 24-ամյա քաղաքացին մահացել է։
Կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։





























