Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերի մասին տեղեկություններ է ակնկալում, ինչպես նաև 2020–2023 թվականներին տեղադրված ականադաշտերի քարտեզները։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում։

Հաջիևի խոսքով՝ ականների խնդրի հետ մեկտեղ անհետ կորածների հարցը պատերազմի ամենածանր հումանիտար հետևանքներից մեկն է։ Նրա ներկայացրած տվյալներով՝ ներկայում Ադրբեջանում գրանցված է 4 010 անհետ կորած քաղաքացի։

«Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք Հայաստանից սպասել ավելի քան 200 զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերի մասին տեղեկությունների։ Մենք նաև ակնկալում ենք նախկին շփման գծի երկայնքով՝ ավելի քան 440 կմ երկարությամբ և 2 կմ խորությամբ հատվածում 2020–2023 թվականներին տեղադրված ականադաշտերի քարտեզների փոխանցումը», — գրել է նա։

Հաջիևն ընդգծել է, որ սա բացառապես հումանիտար հարց է։ Նրա գնահատմամբ՝ պահանջվող տեղեկությունների տրամադրումը կդառնար վստահության ամրապնդման կարևոր քայլ, անցումային արդարադատության տարր և իրական ներդրում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։