Մոնղոլիայի Պետական մեծ խուրալը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել երկրի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի հրաժարականի դիմումին, հաղորդում է Մոնղոլիայի պետական ՄՈՆՑԱՄԷ գործակալությունը։
«Այսօր (նոյեմբերի 19-ին) Պետական մեծ խուրալի լիագումար նիստում քննարկվել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի՝ իրեն նախագահական լիազորությունների կատարումից ազատելու խնդրանքը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ նախագահի խնդրանքը բավարարելուն կողմ է քվեարկել նիստին ներկա 124 պատգամավորից 104-ը։
Ավելի վաղ ՄՈՆՑԱՄԷ-ն հայտնել էր, որ նախագահի հրաժարականի դիմումին հավանություն է տվել նաև Պետական մեծ խուրալի մշտական հանձնաժողովը։
Երեքշաբթի գործակալությունը հաղորդել էր, որ Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ ՄՈՆՑԱՄԷ-ի տվյալներով՝ այդ հայտարարությանը նախորդել էին երկրի Դեմոկրատական կուսակցության պնդումները, թե Մոնղոլիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահը, իբր ներգրավված են կոռուպցիայի մեջ։ Պետության ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ իրեն զրպարտել են, և մտադիր է այդ առնչությամբ դիմել իրավասու մարմիններին։





























