Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ պաշտոնավարման տարիներին բենզինի ներմուծման ծավալների մասին տեղեկացվածությունը կապել է այդ ոլորտում հնարավոր ֆինանսական շահագրգռվածության հետ։

Նոյեմբերի 19-ի ճեպազրույցում Փաշինյանը պատմել է, որ լրագրող և խմբագիր աշխատելու տարիներին մասնակցել է նախագահ Քոչարյանի հետ հանդիպմանը։ Զրույցի ընթացքում Քոչարյանը բենզինի ներմուծման ծավալների վերաբերյալ թվեր է ներկայացրել, ինչը, Փաշինյանի խոսքով, ապշեցրել է իրեն։ «Մտածեցի՝ ինչո՞ւ է երկրի առաջին դեմքը իմանում, թե որքան բենզին է ներկրվել։ Որոշեցի, որ դա նրանից է, որ ամեն լիտրի մեջ իր փայաբաժինն ունի, դրա համար էլ գիտի։ «Մատնաչափիկի» այն խլուրդի նման»,– ասել է Փաշինյանը։

Փաշինյանն այս մասին խոսել է՝ պատասխանելով հարցին, թե ինչ գիտի վրացական կողմի հետ «Արդշինբանկի»՝ ավելի քան 1 մլրդ դոլարի գործարքի մասին։ Վարչապետը նշել է, որ գործարքից տեղյակ չի եղել։ «Եթե օրենքից դուրս ինչ-որ բան կա, կան մարմիններ, որոնք կզբաղվեն։ Ես ինչո՞ւ պետք է իմանամ։ Կարող եմ իմանալ այնքանով, որքանով կառավարությունը կարող է առնչություն ունենալ, թույլտվություն տալ։ Մնացածի հետ ես կապ չունեմ։ Ես չգիտեմ, թե որքան բենզին է ներկրվել։ Ես պետք է իմանամ՝ պակաս կա՞, թե՞ ոչ, մնացածն իմ գործը չէ»,– ասել է Փաշինյանը։