Թբիլիսիի արվարձանային Պոնիճալա թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է որոտացել։ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության նախնական տվյալներով՝ դեպքի պատճառը գազի արտահոսքն է եղել։
Ինչպես հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը, պայթյունը գրանցվել է հաշմանդամություն ունեցող անձի բնակարանում։ Բնակչի պատմելով՝ նոյեմբերի 18-ի երեկոյան իրեն չի հաջողվել միացնել գազօջախը, իսկ երբ հաջորդ առավոտ կրկին փորձել է վառել այն, պայթյուն է տեղի ունեցել։
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել և հիվանդանոց տեղափոխել չորս տուժածի, այդ թվում՝ մեկ երեխայի։ Տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է։
Նախարարի տվյալներով՝ ներկայումս անհետ կորած է համարվում ևս յոթ մարդ, որոնցից երեքը մանկահասակ երեխաներ են։
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները դեռ ընթանում են։





























