Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փենջաբ նահանգում փլուզվել է Բհակրա ջրանցքի վրայով անցնող մետաղական կամուրջը։ Տուժել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է The Times of India թերթը։
Կամուրջը փլուզվել է, երբ դրա վրայով երկու բեռնատար էր անցնում։ Դրանցից մեկը բռնկվել է։ Երկու բեռնատարների վարորդներն էլ փրկվել են և թեթև վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Ճանապարհի վնասված հատվածում երթևեկությունը սահմանափակվել է։ Փլուզման ստույգ պատճառները պարզվում են։ Նախնական տվյալներով՝ պատճառներից մեկը կարող էր լինել կամրջի կառուցվածքի չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը։





























