US Airways ավիաընկերության Թուսոնից Ֆինիքս ուղեւորված առեւտրային չվերթի ուղեւորներից մեկը հայտարարել է, որ սրահում ռումբ կա: Ուղեւորը ԱՄՆ-ի 24-ամյա բնակիչ, ռուսական արմատներով ծովային հետեւակ Իվան Բուգակովն է եղել:
Այն պահին, երբ օդանավը դուրս է եկել թռիչքուղի, Բուգակովն անսպասելիորեն սկսել է իր վրա ուշադրություն հրավիրել, բղավել, աղմկել: Անձնակազմի հրամանատարը որոշել է հետաձգել թռիչքը եւ սկանդալային ուղեւորին հանձնել ցամաքային ծառայություններին: Երբ Բուգակովին փորձել են դուրս հանել օդանավից, նա սկսել է բղավել, որ դրա ներսում ռումբ կա, որն ինքը կարող է պայթեցնել: Պայթուցիկ սարք հիշեցնող ոչ մի բան չի հաջողվել գտնել:
Եթե սուտ տեղեկատվություն տարածելու Իվան Բուգակովի մեղքը հաստատվի, նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում կամ խոշոր տուգանքի վճարում (մոտ 250 հազար դոլար): Ներկա պահին օդային խուլիգանն ազատ է արձակվել` չբացակայելու պայմանով, գրում է utro.ru-ն:
Մայիսի 28-ը, երբ տեղի է ունեցել միջադեպը, ԱՄՆ-ի ազգային տոներից է` նվիրված բոլոր զինված հակամարտություններում զոհված ամերիկյան մարտիկների հիշատակին: Ականատեսների խոսքով` օդանավում ծովային հետեւակները ալկոհոլային թեթեւ հարբածության վիճակում են եղել: Հնարավոր է, հենց դա էլ նրանցից մեկին դրդել էր դիմել «սխրանքի»:




























