Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com—ը։
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Պիոներ» օրիգինալ ավտոպահեստամասերի խանութի դիմաց բախվել են «Mersedes G», «Changan», «BYD» և «Leopard» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից «Mercedes G»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ավտոպահեստամասերի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը, ըստ տեղեկությունների, մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու, ինչպես նաև տուժած՝ ավտոպահեստամասերի սրահի տիրոջ ինքնությունը։





























