Ստամբուլում տեղի է ունենում Սոմալիում հիմնախնդիրների խաղաղ կարգավորմանը եւ ավելի քան 20 տարի ներքին հակամարտություններով պառակտված աֆրիկյան երկրի հետագա ճակատագրին նվիրված միջազգային երկրորդ կոնֆերանսը:

Կոնֆերանսը նախագահում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

«Նախապատրաստել Սոմալիի ապագան. 2015թ. նպատակները» երկօրյա հանդիպմանը մասնակցում են 54 երկրների ներկայացուցիչներ` պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով, ինչպես նաեւ միջազգային առաջատար կազմակերպություններ, ինչպես ՄԱԿ-ը, Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը, Արաբական երկրների լիգան:

Կոնֆերանսի առաջին օրը տեղի կունենան չորս նիստեր` նվիրված տնտեսական հիմնախնդրին: Քննարկման արդյունքները կարտացոլվեն ամփոփիչ հռչակագրում, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ն:

Հանդիպման երկրորդ օրը կքննարկվի Սոմալիի անցումային գործընթացը, ինչպես նաեւ կարճ եւ միջնաժամկետ հեռանկարում Սոմալիի ապագայի ռազմավարությունը: