Հայաստանի կենտրոնական բանկի անցկացրած սթրես-թեստի համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի 10% բարձրացումը կարող է ունենալ 0,6% գնաճային ազդեցություն՝ հաշվի առնելով նաև էլեկտրաէներգիայի գնի և արտադրական ծախսերի փոփոխությունները։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» պմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքներին։ Նրա խոսքով՝ գազի գինն ազդում է ոչ միայն բնակչության ծախսերի, այլև էլեկտրաէներգիայի գնի և արդյունաբերական արտադրանքի ինքնարժեքի վրա։ Պատգամավորը խնդրել է ներկայացնել Կենտրոնական բանկի գնահատականներն այս հարցի վերաբերյալ։
Ի պատասխան՝ Գալստյանը շեշտել է, որ ներկայացված հաշվարկը պայմանական սթրես-թեստ է, ոչ թե սցենար։
«Մենք նման հաշվարկներ կատարել ենք, սակայն սա ոչ թե սցենար է, այլ սթրես-թեստ», — ասել է Կենտրոնական բանկի նախագահը։
Նա պարզաբանել է, որ հաշվարկներում հաշվի են առնվել ինչպես գազի և էլեկտրաէներգիայի գների փոփոխությունները, այնպես էլ էլեկտրաէներգիա օգտագործող ճյուղերում արտադրանքի ինքնարժեքի փոփոխությունը։
«Այս հաշվարկների համաձայն՝ գազի գնի 1% բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06%, իսկ 10% բարձրացման դեպքում՝ 0,6%», — նշել է ԿԲ նախագահը։
Միաժամանակ նա զգուշացրել է, որ գազի գնի տարբեր չափերի բարձրացման հետևանքները չի կարելի մեխանիկորեն համեմատել։
«Այստեղ, իհարկե, գործում են ոչ գծային գործոններ։ Այսինքն՝ 10% և 100% բարձրացումների ազդեցությունները կարող են էապես տարբերվել միմյանցից», — պարզաբանել է ԿԲ ղեկավարը։
Մարտին Գալստյանը գազի հնարավոր թանկացումը դասել է ցածր հավանականություն, բայց հնարավոր զգալի ազդեցություն ունեցող ռիսկերի շարքին՝ ընդգծելով, որ ԿԲ-ն դիտարկում է նաև իրադարձությունների զարգացման նման տարբերակներ։





























