Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան բազմիցս դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն իր դիրքորոշումն անտեսվել է։ Նրա խոսքով՝ դա ի վերջո հանգեցրել է զինված հակամարտության, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հազար անգամ ասել ենք. «Սպասե՛ք, պետք չէ։ Սա մեզ համար անընդունելի է»։ Ներեցեք, թքած ունեին մեր կարծիքի վրա, որովհետև կարծում էին, որ Ռուսաստանի հետ այլևս պայմանավորվելու բան չկա, պետք է պարզապես ճնշում գործադրել։ Ահա հասցրին դրան. այդ ճնշումը հանգեցրեց մարտական գործողությունների և պատերազմի», — լրագրողներին ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեմ էր Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությանը։ Պուտինը նրա՝ 2014 թվականին իշխանությունից հեռացումը որակել է որպես պետական հեղաշրջում։
«Ի վերջո, ինչո՞ւ ենք մենք մշտապես ուշադրություն հրավիրում Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման վրա։ Նախագահ Յանուկովիչի գործունեությունը կարելի է գնահատել ինչպես ասես։ Բայց նա դեմ էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Նրան «տապալեցին» պետական հեղաշրջման միջոցով։ Եվ անմիջապես ի հայտ եկավ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության թեզը», — հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։
Որպես ևս մեկ փաստարկ՝ Պուտինը հիշատակել է 2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը, որով Ուկրաինային և Վրաստանին խոստացվել էր ապագայում անդամակցել դաշինքին։ Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի անկախության հռչակագրում ամրագրված էր երկրի չեզոք կարգավիճակը։





























