Ռուսաստանն ու Վրաստանն ուղիղ երկխոսության հերթական փուլն են անցկացրել՝ քննարկելով երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեորգի Զուրաբաշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Մինսկում։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ կողմերը մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությանը։ Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։

Հանդիպման մասնակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել բելառուսական կողմին՝ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։