Իսրայելի ոստիկանությունը հինգշաբթի հայտնել է երկրի հյուսիսային մասում մզկիթի ենթադրյալ հրկիզման առնչությամբ քննության մասին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Իսրայելցի մի շարք քաղաքական գործիչներ կատարվածը կապել են վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի կողմնակիցների կողմից ատելության հրահրման հետ։

Հրդեհը բռնկվել է արաբական ալ-Դահի գյուղի մզկիթում՝ Նեթանյահուի և նրա դաշինքի քաղաքական գործիչների՝ Իսրայելի արաբ փոքրամասնության հասցեին բազմիցս հնչեցրած կոշտ հայտարարությունների հետնապատկերին։ Այդ փոքրամասնությունը հոկտեմբերին անցկացված ընտրություններում աննախադեպ հաջողությունների էր հասել։

«Քննություն է սկսվել ալ-Դահի գյուղի մզկիթի ստորին հարկի տարածքի ենթադրյալ հրկիզման, ինչպես նաև մոտակա փողոցում գրաֆիտի գրությունների փաստերի առնչությամբ»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ լրջորեն են վերաբերվում կրոնական խորհրդանիշները պղծելու ցանկացած փորձի և մտադիր են վճռականորեն հետամուտ լինել կասկածյալներին պատասխանատվության ենթարկելուն։

Մզկիթի իմամ Խալեդ ազ-Զուբին Ֆրանսպրես գործակալությանը պատմել է, որ հինգշաբթի առավոտյան աղոթքի գալով՝ ծուխ և կրակ է տեսել։ Նրա պատմելով՝ տեսահսկման տեսախցիկներն արձանագրել են դիմակավորված երեք մարդու, որոնք փորձել են ներթափանցել մզկիթ, սակայն չեն կարողացել։ Այնուհետև չարագործնեիրը կոտրել են երկրորդ հարկի պատուհանի ապակին և հրկիզող խառնուրդով շշեր ներս նետել։

Ազ-Զուբին կատարվածը որակել է որպես ռասիստական հարձակում՝ միաժամանակ նշելով, որ վնասը փոքր է եղել։ Ֆրանսպրես գործակալության լուսանկարներում մզկիթի հարևանությամբ գտնվող շենքերի պատերին «վրեժ» բառով գրություններ են երևում։

Ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Յաիր Լապիդը հրկիզումն անվանել է «ատելության հողի վրա կատարված հրեշավոր հանցագործություն» և հայտարարել, որ նման գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ հուդայականության, ո՛չ էլ Իսրայելի հետ։ Նա նաև կոչ է արել դադարեցնել երկրի արաբ քաղաքացիների նկատմամբ ատելության հրահրումը՝ մատնանշելով Նեթանյահուի աջակողմյան ճամբարը։

Ձախակողմյան «Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Յաիր Գոլանը միջադեպը բնութագրել է որպես «հրեական ահաբեկչություն»։ Նրա գնահատմամբ՝ հարձակումը հետևանք է ատելության հրահրման այն արշավի, որը Նեթանյահուն և նրա կառավարությունը վարում են Իսրայելի արաբ քաղաքացիների դեմ։

Հինգշաբթի ալ-Դահի գյուղ է այցելել հիմնականում արաբական քաղաքական ուժերից կազմված «Միացյալ ցուցակ» դաշինքի ղեկավար Յուսեֆ Ջաբարինը։ Նա կատարվածի պատասխանատվությունը դրել է Նեթանյահուի, նրա կառավարության և նրանց աջակցող արմատականների վրա՝ մեղադրելով նրանց նրանում, որ վտանգավոր հռետորաբանությունը վերածվում է արաբ բնակչության դեմ հարձակումների։

Իսրայելի արաբները պաղեստինցիների ժառանգներն են, որոնք 1948 թվականին պետության ստեղծումից հետո մնացել են նրա տարածքում։ Այսօր նրանք կազմում են Իսրայելի բնակչության մոտ 20%-ը։

Նեթանյահուն բազմիցս հայտարարել է արաբ բնակչության աջակցության վրա հենվող կուսակցությունների կողմից ընտրությունների ենթադրյալ կեղծումների մասին, սակայն ընտրական մարմինները մերժել են այդ մեղադրանքները։ Նեթանյահուն և նրա դաշնակիցները միաժամանակ քննադատել են արաբական կուսակցությունների առաջնորդներին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո շարժումն «ահաբեկչական կազմակերպություն» անվանելուց հրաժարվելու համար։ Ընդ որում, արաբական կուսակցությունների բոլոր առաջնորդները դատապարտել են այդ հարձակումը։