Ռուսաստանի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը կաշառքի գործով դատապարտվել է տասը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում պատիժը կրելու պայմանով, հայտնում է «РИА Новости»-ն։
Դատարանը նրան նաև 500 միլիոն ռուբլու չափով տուգանք է նշանակել և 15 տարով զրկել պետական ծառայությունում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
«Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը Ցալիկովին դատապարտել է տասը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում պատիժը կրելու պայմանով, նշանակել 500 միլիոն ռուբլու չափով տուգանք և 15 տարով զրկել պետական ծառայությունում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից»,- «РИА Новости»-ն հայտնել են պետական մարմնում։
Ցալիկովը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վատնման և փողերի լվացման մեջ։ Գործը քննվել է դռնփակ ռեժիմով։
2012 թվականից Ցալիկովը զբաղեցրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը եղել է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը։





























