Գերմանիայում 18-ամյա երիտասարդին կասկածում են 3D տպիչով պատրաստված զենքի կիրառմամբ մզկիթի վրա ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հայտնում է DW-ն։
Դատախազության ներկայացուցիչները հայտնել են, որ օգոստոսից նա նախնական կալանքի տակ է։
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի Էսլոե քաղաքից կասկածյալը, ենթադրաբար, ծայրահեղ աջ ծայրահեղական հայացքներ ունի և ծրագրել է հարձակումն իրականացնել 2026 թվականի վերջին կամ 2027 թվականի սկզբին, հայտնել է ավագ դատախազ Ալեքսանդրա Վիզեն։
«Նրա ռասիստական գաղափարախոսությունն ուղղված էր նաև իսլամ դավանող մարդկանց դեմ»,- հայտարարել է Վիզեն գերմանական WDR հանրային հեռուստառադիոընկերությանը։
Երիտասարդի տանը խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են բազմաթիվ զենքեր, զենքի մասեր և զինամթերք։ Առգրավված իրերի թվում եղել են նաև 3D տպիչով պատրաստված առարկաներ։
Դատախազը չի բացահայտել ենթադրյալ հարձակման հնարավոր թիրախների մասին մանրամասները՝ վկայակոչելով հնարավոր զոհերին պաշտպանելու անհրաժեշտությունը։
Երիտասարդին առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Վիզեն ընդգծել է, որ քննությունը շարունակվում է, և կասկածյալի նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածը։




























