Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի ռազմածովային ու ռազմաօդային ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Կիպրոսից հարավ, հայտնում է Kathimerini-ն։
Ինչպես նշվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ, նոյեմբերի 11-ին անցկացված զորավարժություններին մասնակցել են հունական «Ադրիաս» (Adrias) ֆրեգատը, ինչպես նաև Հունաստանի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ։ Զորավարժություններին միացել են Կիպրոսի «Իոաննիդիս» (Ioannidis) բաց ծովի պարեկային նավը և իսրայելական «Սուֆա» (Sufa) հրթիռային կատերը։
Զորավարժությունների սցենարը նախատեսում էր օդային սպառնալիքներին հակազդելու, հակաօդային պաշտպանության գործողությունների և մարտավարական մանևրների մշակում։
Զորավարժություններն անցկացվել են երեք երկրի համատեղ պատրաստության գործող ծրագրերի շրջանակում։





























